Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը փորձում է ապահովագրել իրեն հնարավոր նախատինքներից. փաստաբան

Հունվար 15,2020 19:07

ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում`  դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել։

Մանվել Գրիգորյանի փաստաբանը  նախքան նիստը լրագրողներին ասաց, որ  իր պաշտպանյալի վիճակը ծանր է, գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նա նաեւ ասաց, որ չի հավատում, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը կփոխվի, կարծում է, որ դատախազությունը նիստը նախաձեռնել է, որ իրեն «ապահովագրի» հնարավոր այն նախատինքներից, եթե Մանվել Գրիգորյանի հիվանդության ու միաժամանակ կալանքի տակ գտնվելու պարագայում վատ ելքեր գրանցվեն: Նա նաեւ նկատեց, որ Մանվել Գրիգորյանի առողջականը վատ դինամիկա է գրանցել կալանքի տակ գտնվելու պատճառով:

Նիստին նախագահող դատավորին էին ներկայացվել Մանվել Գրիգորյանի ախտորոշումները, առողջական վիճակի մասին մանրամասն տվյալներ:

Միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց հանձնաժողովի կարծիքը. «Փորձաքննության ընթացքում Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վերահսկվել են։ Փորձաքննությունը չի կատարվել մի քանի օրվա ընթացքում, այլ եղել է ժամանակատար։ Պարբերաբար հետևել ենք բժշկական փաստաթղթերի տվյալներին, որոնք արձանագրվել են «Նաիրի» ԲԿ-ում։ Բոլոր ախտորոշումները համընկնում են դատարանում հրապարակվածի հետ։

Ցավոք սրտի, ի հայտ է եկել վիճակի բարդացում։ Բժշկական տեսանկյունից դա ոչ ցանկալի բարդացում է, քանի որ այն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Խոսքը սրտի ռիթմի խանգարումն է։ Դա անակնկալ, հանկարծակի եկած հանգամանք է։ Սրտի կծկումների հաճախականության հետ կապված կարող է բերել անկանխատեսելի ախտանիշների։ Սա արդեն վերջին ստադիան է։ Զարկերակային ճնշման թվերը սպառնացող են։ Այս վիճակը կյանքին սպառնացող վիճակ է»։

Նիստին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին հետեւող մի բժիշկ նույնպես ներկա էր, նա պատմեց, որ նոր հետազոտություններ են կատարվել, բոլոր ախտորոշումները վկայել են  այն, ինչ նշված է նախագահող դատավորին ներկայացված ախտորոշման մասին տեղեկատվությանը, բժիշկը հավելեց նաեւ, որ Մանվել Գրիգորյանի կյանքին սպառնացող վտանգի կա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031