Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տունը ծախում են, պարզվում է՝ գույքահարկի մեծ պարտքեր կան. ԱԺ-ում առաջարկում են անշարժ գույք վաճառելիս, ինչպես մեքենայի դեպքում է, զրոյական թուղթ բերել

Հունվար 15,2020 17:01

«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանն առաջարկում են «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարել: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Պապոյանը, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ այսօր, երբ քաղաքացիներն անշարժ գույք են վաճառում, հաճախ գնորդին փոխանցում են հարկային պարտավորությունները գույքի հետ կապված, երբ քաղաքացիները տեղեկացված չեն դրա մասին. «Հաճախ մի քանի հարյուր հազար դրամ հարկային պարտավորություն են վերցնում, այսօր նույնիսկ կան դատական գործեր: Մենք այն տրամաբանությամբ ենք այս դեպքում ցանկանում շարժվել, ինչ ավտոմեքենայի դեպքում է՝ զրոյական թուղթ բերել»:

Պապոյանն ասաց, որ գույք վաճառողները գիտեն՝ հարկային պարտավորությունը պետք է քաղաքացին մի օր կատարի ու մեծ պարտքեր չեն կուտակի, այսօր համայնքներում շատ ծրագրեր չեն կարողանում իրենց ուժերով կատարել, որովհետեւ չեն կարողանում գումարները հավաքագրել, նախագիծը կօգնի այդ մասով:

Պատգամավորը հիշեցրեց, որ եթե նույնիսկ այս օրենքը չընդունվի, Հարկային օրենսգրքով 2021-ի հունվարի 1-ից այդ դրույթն ուժի մեջ է մտնելու ու դա նախատեսվում է, սրանով կօգնեն, որ մի քանի ամիս շուտ դա լինի:

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցրեց, թե հիմա այդ խնդիրը որքանո՞վ է հրատապ, Պապոյանը պատասխանեց, որ մի քանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցների հետ է հանդիպել, միայն կենտրոնում մեծ թիվ են կազմում այն դեպքերը, երբ գույքի առուվաճառքից հետո մի քանի հարյուր հազարի գույքահարկը չեն վճարած լինում ու վեճի առարկա է լինում: Թունյանն ասաց, որ շատ դեպքերում տատիկ-պապիկները տուն են վաճառում՝ հույս ունենալով, որ վաճառքի գումարից կտանեն պարտքերը կմարեն, բայց հիմա մենք ստիպում ենք իրեն, որ գնա ինչ-որ տեղից պարտք անի, գումարը մուծի՞:

Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Տատիկ-պապիկների պահը երբեմն մենք շատ ենք ծայրահեղացնում, ասում ենք՝ 15 հազար դրամ չունի տատիկը, որ տանի այդ գումարը վճարի, բայց շատ դեպքերում էդ տատիկ-պապիկը կենտրոնում տուն ունեն, որն արժի, ասենք, 200 հազար դոլար, եկեք իրերն իրենց անունով կոչենք»:

Պապոյանն ասաց, որ բոլորս էլ գիտենք, որ շատ դեպքերում տան վաճառքը այսպես ասած «բեհով» է լինում, դա ամբողջությամբ իրավական առումով ամրագրվում է,այդ ընթացքում մեր սիրելի տատիկ-պապիկը կարող է վերցնել այդ 1000-2000 դոլարը եւ դրա մի մասով հարկային պարտավորությունը կատարել:

Հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031