Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Մենք աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնալ աղքատ

Հունվար 15,2020 16:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը:

Անդրադառնալով հայեցակարգին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ես ուզում եմ երկու խոսք ասել այս աշխատանքի վերաբերյալ՝ ինչո՞ւ է ընդհանրապես այս թեման ծագել և առաջացել մեր օրակարգում: Շատ կարևոր է արձանագրել այն ռազմավարական և գաղափարախոսական նպատակը, որ մենք դնում ենք ընդհանրապես համակարգի բարեփոխումների նախաձեռնության հիմքում: Իմ գնահատականը, գուցե քաղաքական, բայց այսպիսին է, որ Հայաստանում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցության համակարգը՝ գիտակցորեն, թե ենթագիտակցորեն, ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը: Այսինքն՝ մարդուն, որ նպաստ ենք տալիս, ի՞նչ խնդիր ենք լուծում. մենք աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնալ աղքատ, որովհետև մենք ասում ենք՝ տես, եթե հանկարծ պարզվի, որ դու կով ունես և կաթ ես ստանում, մենք քեզ կզրկենք աղքատության նպաստից, տես, հանկարծ կով չունենաս, հանկարծ չաշխատես, որովհետև եթե իմանանք, որ դու աշխատում ես և աշխատավարձ ես ստանում, քեզ նպաստից կզրկենք:

Գաղափարական տրանսֆորմացիան, որը մենք առաջադրում ենք, որ պետք է տեղի ունենա, հետևյալն է. մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում: Ես 2018 թվականին մի քանի անգամ տվել եմ գնահատական, կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ պետք է համակարգն ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Դրա համար կա շատ կոնկրետ պատճառ՝ որպեսզի առաջիկա ընտրություններին աղքատը շատ հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ և գնալ ու քվեարկել այդ 5000 կամ 10000 դրամը տվող ձեզ հայտնի ուժերի և թեկնածուների օգտօգտին ն: Հիմա մենք ինչո՞ւ ենք շահագրգռված, որ աղքատության մեջ հայտնված մարդը հաղթահարի աղքատությունը: Շատ պարզ պատճառով, որովհետև մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Մենք մի քանի անգամ նաև հայտարարել ենք, որ աղքատությունը և սրանից բխող հարակից էֆեկտները համարում ենք Հայաստանում ոչ միայն ընդհանրապես տնտեսական զարգացման, այլև ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման մեծագույն խոչընդոտներից մեկը: Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրենք նպատակը, թե ինչ ենք ուզում. մենք ուզում ենք կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնել, որպեսզի ինքը դառնա աշխատանքով իր վաստակը, իր բարեկեցությունը և քաղաքացիական իրավունքներին հասանելիությունն ապահովող արժանապատիվ և հպարտ քաղաքացի»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ վարչապետի որոշմամբ 2019թ. փետրվարին ստեղծված աշխատանքային խմբի կողմից մեկ տարում կատարվել են որոշակի աշխատանքներ, և մշակվել են առաջարկություններ, մասնավորապես, ֆինանսական աջակցության կարիքի գնահատման և տրամադրման սկզբունքների վերաբերյալ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններն ավելի օբյեկտիվ, ինքնաշխատ և հասցեական կդարձնեն անապահովության գնահատման չափանիշները: Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր համակարգը միտված է լինելու 4 սոցիալական կարիքի բավարարմանը՝ նյութական ապահովություն, առողջապահություն, կրթություն և բնակարանային պայմաններ: Նոր հայեցակարգով առաջարկվում է գործող՝ սպառման կարիքի վրա հիմնված անապահովության գնահատումից անցում կատարել եկամտի վրա հիմնված կամ նվազագույն երաշխավորված եկամտի մեթոդով անապահովության գնահատման: Քննարկվել է այդ նպատակով մշակված մեթոդաբանությունը, ներկայացվել է վերլուծություն նոր համակարգի ներդրման դեպքում հնարավոր ազդեցությունների սցենարների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Նշվել է, որ եկամտի վրա հիմնված անապահովության գնահատման նոր մեթոդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի զբաղվածության և ժողովրդագրական ներուժը, նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ ֆորմալ տնտեսությունը և այլն:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և ընդլայնել աշխատանքային խմբի շրջանակը՝ առողջապահական և կրթական բաղադրիչների ապահովման տարբերակները ևս քննարկելու համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031