«Ակնկալում ենք, որ մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ կունենանք Վերաքննիչ դատարանի որոշում պարոն Թավադյանի խափանման միջոցի վերաբերյալ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Հիշեցնենք՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ այս պահին իրենք արդեն բողոքարկել են պարոն Թավադյանին կալանավորելու և մինչ այդ նրա ձերբակալության վերաբերյալ ներկայացված բողոքի կապակցությամբ միասնական դատական ակտը և տեղեկացված են, որ առաջին ատյանից գործը փոխանցվել է Վերաքննիչ դատարան, չնայած այդ գործողությունը, որը ենթադրում է մեկ հատոր նյութերի ֆիզիկական տեղաշարժ՝ Կենտրոն նստավայրից մինչև Վերաքննիչ դատարան, կատարվել է շուրջ մեկ շաբաթվա ընթացքում:
Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ակնկալում են, որ առաջիկայում՝ մի քանի օրերի ընթացքում, իսկ օրենքով նախատեսվում է եռօրյա ժամկետ, կոնկրետ դատարան գործը հասնելուց հետո կնշանակվի դատական քննություն, և Վերաքննիչ քրեական դատարանում կքննեն թե՛ ձերբակալության, թե՛ կալանքի իրավաչափության հարցը: Գրավի հարցը նույնպես կարող է քննարկվել:
Կարդացեք նաև
Փաստաբանը տեղեկացրեց, որ մասնակի վերացվել է տեսակցությունների արգելքը պարոն Թավադյանի համար: Նրա ընտանիքի անդամները կարողացել են տեսակցել նրան: Իսկ բուն դատավարական գործընթացի միջնորդությունները դեռ մշակվում են:
Հովհաննես Խուդոյանը հավելեց. «Այս շաբաթվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնի հետ համապատասխան քննարկում կունենանք, կհասկանանք, թե ինչ հեռանկարներ են իրենք տեսնում այս գործով: Ի սկզբանե մենք այս գործով որևէ հեռանկար չենք տեսել: Մի օր վարույթն իրականացնող մարմինը պետք է հասկանա, որ նման գործելաոճը հարիր չէ իրավական պետության քրեական դատավարություն իրականացնող սուբյեկտներին, և պետք է անհապաղ անձի իրավունքների սահմանափակումները վերացվեն: Թե հետագայում նման ապօրինի գործողություններն ինչ իրավական գնահատականների կարժանանան, այլ հարց է, բայց այս պահին առաջնահերթ է, որ իրավունքների խախտումները դադարեցվեն»:
Հարցին՝ Արմեն Թավադյանի դատավարությունը միտումնավո՞ր է ձգձգվում, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Նշված օրինակով այն գործողությունները, որը կարող են տևել մեկ-երկու ժամ, տևում են մեկ շաբաթ, այս պարագայում խնդիր կա: Դեռևս դատավորը հայտնի չէ: Վերաքննիչ դատարանի նախագահին խնդրանքով ենք դիմել գործի մակագրմանը մասնակից դարձնել մեզ, քանի որ վերջին շրջանում մենք հակված ենք մի քիչ չհավատալ վարույթն իրականացնող մարմիններին: Այսօր, առավելագույնը վաղը կտեսնենք, թե ով է դատավորը»:
Հարցին՝ այն, որ Արմեն Թավադյանից առգրավվել է ընդհանուր 70-80 հազար դոլարի չափով գումար, այդ մասով բողոքարկում կա՞, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Երկու ընթացակարգ կա. առաջին ամենակարճ ճանապարհը քննիչի միջնորդությունն էր, որ այդ միջոցները կապված չեն գործի հետ, ուստի պետք է վերադարձնել, մյուսը բողոքարկել հենց խուզարկության և առգրավման պրոցեսը: Դրամական միջոցների առգրավումը որևէ կերպ գործով ապացույց հանդիսանալ չի կարող: Միակ տվյալը, որ այդ դրամական միջոցներից կարող են իմանալ, դա այն է, թե Արմեն Թավադյանն ինչ ֆինանսական միջոցներ ունի, ինչը չի թաքցրել երբեք, դա էլ աստղաբաշխական թվերի մասին չէ խոսքը»:
Հարցին՝ ո՞րն է այս գործով կապը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Մի քանի իմաստով կարող ենք կապ տեսնել: Նախ պարոն Թավադյանի գործունեությունն է մեդիա տիրույթում: Քաջ հայտնի է՝ նա Թիվի 5-ի սեփականատերն է, իսկ այդ հեռուստաալիքը կոշտ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս և քննադատության զգալի հատվածն էլ վերաբերում է այսօրվա դատավարություններին: Երկրորդ կապն ավելի ուժեղ է. Արմեն Թավադյանը երբևէ չի թաքցրել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է և կազմակերպում է աջակիցների հասարակական գործունեությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ