Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն հասել եք տիեզերքի՞ն». Հայաստանը կդառնա տիեզերական գործունեության համար ամենագրավիչ երկրներից մեկը, տիեզերքի ոլորտի համար հարկային արտոնություն են տալիս

Հունվար 15,2020 16:04

Նախորդ գումարման ԱԺ-ում, երբ նախկին կառավարության ներկայացուցիչները համաձայնագրեր էին բերում լուսնի, երկնային մարմինների անվտանգության, տիեզերքի մասին, ընդդիմադիրների կողմից հեգնանքի ու ծաղրի էին արժանանում, թե իբր երկրի վրա բոլոր հարցերը լուծել եք, հասել եք լուսնին:

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը քննարկման ներկայացրեց «Տիեզերական գործունեության մասին» նախագիծը: Ինչպես նախարարն ասաց, նախագծով կարգավորվում է Հայաստանում տիեզերական գործունեության հետ կապված գործունեության իրավահարաբերությունները, սահմանվում են տիեզերական օբյեկտների, տեխնիկայի, ենթակառուցվածքների հասկացությունները, նախատեսվում է տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների շարքում ու նրանց տալ հարկային արտոնություն, որ ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալեն, տեխնոլոգիաներ ներկրել Հայաստան՝ տիեզերական ոլորտում սարքերի, սարքաշինության համար:

Մինչ Հակոբ Արշակյանը խոսում էր տիեզերք թռչելու, տիեզերական գործունեության վթարների քննման, տիեզերագնացների կյանքի մասին, պատգամավորներն արդեն մտահոգված էին, որ այս թեման շահարկվելու է:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցրեց՝ նախագծի հիմնավորման մեջ նշած է, որ այս նախագծի արդյունքում Հայաստանը կդառնա տիեզերական գործունեության համար ամենագրավիչ երկրներից մեկը, ուզում եմ հասկանալ՝ այդ գրավչությունը պայմանավորված է միայն հարկային արտոնություններո՞վ, թե՞ օրենքում կան դրույթներ,որոնք ոլորտը գրավիչ են դարձնում:

Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ այս ոլորտը որեւէ օրենքով ՀՀ-ում կարգավորված չէ, իսկ հարկային արտոնությունը միանշանակ ավելի լավ պայմաններ է ապահովում, ԵԱՏՄ-ում, եվրոպական շուկայում Հայաստանի դիրքը գրավիչ է լինում ու կարող ենք գործընկերների հետ բանակցություններ վարել:

Նախարարն ասաց. «Երբ ասում ենք տիեզերական գործունեություն, տիեզերական սարքեր, մարդիկ միանգամից պատկերացնում են տիեզերանավ, մեջը մարդ նստած, Ղազախստանի էն կայանից բաց թողնվող: Բայց այս ոլորտը շատ արագ է զարգանում, աշխարհում ավելի քան 250 մլրդ դոլար է դրամաշրջանառությունն այս ոլորտում, փոքր չափի տիեզերական սարքեր կան, որոնք բաց են թողնվում կոնկրետ նպատակով, օրինակ, գյուղատնտեսության, հետազոտությունների համար: Մարդիկ արդեն իրենց բակերից փոքրիկ մեքենաներ են բաց թողնում տիեզերք եւ այնտեղ հետազոտություն են անում: Այդպես պետք է նայենք այս հարցին: Հաշվի առնելով միջազգային պատժամիջոցները՝ ֆինանսական, տնտեսական, լարվածությունը շատ երկրներում, ՀՀ-ում գործունեություն ծավալելը կարող է շատ գրավիչ լինել, նաեւ ռազմարդյունաբերության տեսանկյունից սա կրող է գրավիչ լինել:

Թունյանն ասաց, որ այս օրենքի ընդունումը, քննարկումը ենթադրվում է, որ շահարկումների թեմա է դառնալու ու մեզ ասելու են՝ արդեն հասել եք տիեզերքի՞ն:

Լիցենզավորման համար 10 մլն պետտուրք է սահմանվում: Իմքայլական Հայկ Գեւորգյանն առաջարկեց սկզբնական փուլում լիցենզիան հանել, բայց նախարարն ասաց, որ 10 մլն-ը այդ գործունեության համար մեծ գումար չէ, 20 հազար դոլար է, խորհրդանշական գումար, որը մի հատ շատ փոքր պատվերի գումար է. «Երբ որեւէ մեկը տիեզերական նավի, տիեզերական մեքենայի հետ կապված որեւէ բան է անում, այդտեղ շատ մեծ են գումարները, այս 10 մլն լիցենզիայի տուրքը մեխանիզմ է, որը կարեւոր է, որ իմանանք, որ նման ընկերություններ կան, վերահսկողություն ունենանք»:

Հակոբ Արշակյանը քննարկման վերջում ասաց. «Մենք ուզում ենք իսկապես մեր երազանքներին իրականացման շունչը տալ, միտված ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական, ռազմարդյունաբերությամբ զարգացած երկիր, եւ մենք այլընտրանք չունենք»:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՀՀԿ-ականներին, երբ նման նախագծեր էին բերում, ասում էին՝ երկրի վրա բոլոր հարցերը լուծել եք, հասել եք լուսնին ու տիեզերքի՞ն, հիմա արդեն դրա ժամանա՞կն է հասել՝ նախարարը պատասխանեց, որ այս օրինագծով եւս մի ոլորտ են կարգավորում ու դաշտ ստեղծում, որ միջազգային խաղացողները գան Հայաստան. «Այսօր արդեն այնպիսի երկրներ են մեքենաներ արտադրում, որի մասին 10 տարի առաջ երազել կարելի էր, սա նշանակում է, որ տեխնոլոգիաները հասել են այնպիսի զարգացման, որ որեւէ բան արտադրելու համար քեզ ավելի շատ տեխնոլոգիական գիտելիք է հարկավոր, քան այս կամ այն ծանր արդյունաբերությունը: Հայաստանը այլ շանս չունի, քան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալն ու տնտեսությունն առաջ տանելը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031