ՀՀ կառավարության շենքի առաջ բողոքի ցույցի են դուրս եկել ավտովարորդները: «Վարորդներ կան առաքիչ են, վարորդներ կան՝ բիզնեսով են զբաղվում, այսքան խցանումներ, ճգնաժամ, մարդիկ 9 օրում 9 բալը կհանեն, ոնց կարելի է»,- դժգոհեց ցուցարարներից մեկը
«Թրաշով ա, սիգարետը բերանն ա, նարկոման ա, ինչի 10000 տաքսիստը նարկոման ա՞, էս ինչ ատելություն է տաքսիների նկատմամբ»,-դժգոհեց մեկ այլ ցուցարար: «Մենք միշտ էլ բողոքել ենք, պարոն վարչապետը թող փաստի, երբ պատգամավոր էր, իր եւ Լենա Նազարյանի հետ հանդիպեցինք, ինքն ասաց դուք ճիշտ եք… Ես լիցենզավորված եմ եղել, կանոնավոր կերպով վճարել եմ: Երբ դաշտ ներխուժեցին օնլայն տաքսի ծառայությունները, ամեն ինչ այսպես եղավ: Մենք ապօրինի ենք համարում այս տուգանքները, մանավանդ մակագրում են օգոստոսին, դեկտեմբերի վերջին նոր մեզ ուղարկում: Սա Փաշինյանի դեմ է, դիտմամբ են անում, որ դժգոհության ալիք բարձրանա»,-ասաց վարորդներից մեկը:
Կարդացեք նաև
Ապա հավելեց. «Օրենքներ գրողները իրենց կաբինետներում նստած` սկի իրենց ավտոյից տեղյակ չեն…Իրենք հասկանում ե՞ն` ինչ է նշանակում 12-15 ժամ տաքսի քշելը…Լավ տուգանում եք, արդեն պատժվում ենք, էլ ինչո՞ւ եք զրկում վարորդական իրավունքից, որ մարդը չկարողանա էդ տուգանքներն էլ վճարի ու հավիտյան մնա ճորտ…
Եթե մարդը մի հանցանք է գործում մի անգամ պատժվում է` ամրագոտու, ծխելու, հեռախոսով խոսելու համար 5000 դրամ էր, հիմա իրենց հորինած օրենքով ամրագոտին, հեռախոսը, ծխելը սարքեցին 10000, համ էլ բալ են հանում …Միթե մեր սոցիալական վիճակը այդքան լավացել է, որ 5000-ը 10000-ի տակ եք սղացնում»,-նեղսրտեց վարորդը:
«Եթե քաղաքում կան ռուսական համարներով ավտոմեքենաներ, ուրեմն դուրս են մնում այդ օրենքից, հետեւաբար օրենքը բոլորի համար չէ: Մենք չունենք համապատասխան կահավորած քաղաք վարորդների համար, որպեսզի նրանք չուզենալով մի քանի խախտումներ չանեն: Էնպես չի, որ մարդիկ սիրում են երկրորդ գիծ կանգնել, պարզապես այլընտրանք չկա: Օրինակ,. առաքիչը ապրանք է բերում խանութ, կանգնեցնում է երկրորդ գիծ, բեռնաթափման համար պայմաններ չկան: Ուրեմն ինչ, բոլոր առաքիչները մեկ ամսվա ընթացքում զրկվելո՞ւ են վարորդական իրավունքից: Թող նախ հնարավորություններ ստեղծեն, հետո պահանջեն: Կամ օրինակ հարբած կարող ես քշել 2 անգամ ու կորցնել 8 բալ, բայց առանց համար քշելու դեպքում միանգամից զրկվում ես: Հիմա ո՞րն է ավելի վտանգավոր` հարբած քշելը, թե՞ առանց համար քշելը»,- բալային համակարգը անհեթեթություն է համարում մեկ այլ ավտովարորդ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ