ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել իր հարցաքննության վերաբերյալ՝ մակագրելով. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»:
ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է, «Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:
Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել»:
Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հրապարակել է հետեւյալ գնահատականը. «Աննախադեպության՝ առաջինն ու միակը լինելու մոլուցքը Փաշինյանին հետապնդում է ամենուր: Առավոտյան քննիչ-վարչապետ-սելֆի բեմականացումը սովորականի պես ծիծաղելի վերջաբան ունեցավ. պարզվում է՝ պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված ՀՀ գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ աննախադեպության հարցում ինքն իսկապես առաջամարտիկ է:
Կարդացեք նաև
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը շրջափակեց դատարանները, կիրթ եւ նորմալ հայտարարեց հայ սպային կացնահարողին հերոսի կոչում շնորհած, հայ զինվորին քառատելու հրաման տված Ալիեւին, նսեմացրեց հայ ժողովրդի հաղթանակած պատերազմն ու նրա հերոսներին, պաշտոնական ընդունելության արժանացրեց ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչներին, ձեռնոց նետեց հոգեւորականությանն ու հայագիտությանը, իր պաշտպանության տակ առավ տրանսգենդերին, նրա օրոք ԱԺ ամբիոնից բացահայտ տրանսգենդերիզմ քարոզվեց, ծննդատներ փակվեցին, «քուչի» բառապաշարը դարձավ պետական բարձրաստիճան պաշտոնյայի առօրեական խոսք:
Նրա շնորհիվ հայհոյանքն ու ատելությունը մտան հանրային-քաղաքական հարաբերություններ:
Աննախադեպության առաջամարտիկի ձեռքբերումներն այսքանով չեն ավարտվում …
«Ցըմփ-դըմփ-հու» աննախադեպ շոուն՝ շարունակելի»: