Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հունվարի 15-ին «Մեդիա» կենտրոնում կայացած «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ, խոսելով առկա ռիսկերից, նշեց. « Հիշում եմ, որ երբ առաջին դպրոցները սկսեցին ներառական կրթության անցնել, ոչ ֆորմալ խոսակցություններ կային, թե լավ ծրագիր է, կահույք են տալիս, սնունդ, լրացուցիչ հաստիքներ եւ գումար: Իսկ դպրոցների ֆինանսական վիճակն այդ ժամանակ շատ ավելի ծանր էր, քան այսօր, ուստի դպրոցները փորձում էին լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել: Այդ իմաստով ծրագրի հետ կապված առաջին խեղաթյուրումները տեղի ունեցան»:
Կրթության փորձագետը հավելեց, որ այն ժամանակ կրթության համակարգն ընդհանրապես ներառական կրթության հետ «չէր բռնում». «Ունեինք մի դպրոց, որը սելեկտիվ կրթություն էր իրականացնում. ընտրում էր գերազանցիկներին, իսկ հետ մնացողները տարեցտարի դուրս էին մղվում, գնում դեպի հետեւի նստարաններ: Ուսուցիչները առաջին շարքերում նստած գերազանցիկների հետ էին աշխատում, այսինքն` ստացվում էր, որ ներսում արդեն շատ ուժեղ հականերառական միջավայր կար: Այդ պարագայում նոր գործառույթ դրվեց դպրոցների վրա: Օպերացիոն այդ համակարգն ընդհանրապես չէր կարող բավարարել այս կրթության պահանջները»:
Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նաեւ մասնագետների խնդրին, առանձնացրեց հատկապես տնօրեններին. «Մեր տնօրեններն ինչ-որ առարկաների մասնագետներ են եւ ունեն որոշ կառավարչական հմտություններ, սակայն նրանց ճնշող մեծամասնությունն ընդհանրապես չէր պատկերացնում, թե հոգեբանն ով է, սոցիալական մանկավարժն ով է կամ սոցիալական աշխատողն ով է, ինչպե՞ս պետք է կառավարեր այդ աշխատողին: Այսօր եւս կա այդ խնդիրը: Որոշ դպրոցներում այդ մասնագետները կրկին պարապ-սարապ նստած են»: Նրա խոսքով, նաեւ առճակատում կա հին ուսուցիչների եւ նոր մասնագետների միջեւ. «Ներառականության ոլորտում աշխատող մարդկանց հանդեպ հաճախ կա դիմադրություն, եւ քանի որ իրենք էլ սկսնակներ են, չեն կարողանում դրա դեմն առնել»:
Ներառական կրթության փորձագետ, Ներառող կրթություն ազգային ասոցիացիայի անդամ Արմինե Ավագյանը փաստեց, որ ներառական կրթությունը ներդնելիս ի սկզբանե կենտրոնացել ենք զարգացման ու հաշմանդամության խնդիրներ վրա, մինչդեռ ներառող կրթությունը բազմազանության կրթությունն է. «Բազմազանությունը կարող է ներառել սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող երեխայից մինչեւ տաղանդավոր երեխան, սոցանապահովություն ունեցող երեխայից մինչեւ ուշադրության դժվարություն ունեցող երեխան»: Նրա ասելով, բնավ պետք չէ թիրախավորել զարգացման խնդիր ունեցող երեխային: Արմինե Ավագյանը եւս պնդում է, որ կրթական կարիքի գնահատումը կոռուպցիոն ռիսկ է պարունակում: Մասնագետի ձեւակերպմամբ, օրինակ, վիճելի է, թե ինչպես է տարանջատվում միջին խնդիր ունեցող երեխան թեթեւ խնդիր ունեցողից, դրա համար կարեւոր է գնահատման նուրբ եւ զգայուն գործիքներ մշակելը:
Կարդացեք նաև
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ քննարկվող հարցերը ժամանակավրեպ են, փոխվել են թե գնահատման ձեւերը եւ թե գործիքները: Նա վկայակոչեց Շիրակի մարզի «Բյուրակն» դպրոցի խնդիրները: Ասաց, որ ինքն առաջիններից մեկն էր, որ Շիրակի մարզում բարձրաձայնեց այդ խնդիրների մասին: Նաեւ շեշտեց, որ հենց նմանատիպ խնդիրների պատճառով 2014թ դեկտեմբերի 1-ին փոխվեցին ներառական կրթության համակարգը եւ ֆինանսավորման կարգը:
Լուսինե Ավագյանը չհամաձայնեց պատգամավորի հետ: Ասաց, որ թեեւ գործիքները փոխվել են, սակայն դրանք գիտափորձով չեն անցել, չունենք տվյալների բազա եւ չկա ապացույց, որ այդ գործիքներն արդյունավետ են. «Դրանց նույնիսկ հեղինակային իրավունքը չի գնվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա» կենտրոնի
Ես ընդհանրապես դպրոցների՝ «առարկայական» տնօրեններին կփոխարինեի մենեջերով և նրա թիմով: Իսկ հետո կանցնեի մնացած հարցերին: