Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավայի բան եք անում ի՞նչ». Հովիկ Աղազարյանը՝ Լիլիթ Մակունցի ու Սիսակ Գաբրիելյանի նախագծի մասին, որն ուսանողների մոտ մեծ աժիոտաժ է առաջացրել

Հունվար 15,2020 13:48

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով ուզում են արտոնություն տալ աշխատող ուսանողներին ու մտքի հեղափոխություն սկսել: Խոսքը «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու նախագծի մասին է, որն արդեն քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովում: Այսօր էլ պատգամավորները նախագիծը քննարկեցին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

Նախագիծը որոշակի փոփոխություններ է կրել: Եթե ի սկզբանե պատգամավորներն առաջարկում էին, որ աշխատող ուսանողների եկամտահարկն ուղղվի իրենց ուսման վարձի վճարմանը ու դա նաեւ բակալավրի մասին էր, հիմա որոշել են նեղացնել շրջանակը, արտոնությունն արդեն նախատեսվում է միայն մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար, ընդ որում, ոչ բոլորին, միայն այն մասնագիտությունների գծով, որը կնախատեսի կառավարությունը՝ հաշվի առնելով մասնագիտությունների պահանջարկը՝ օրինակ, IT ոլորտ, գյուղատնտեսություն եւ այլն:

Նախագիծը ներկայացնելով՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Մենք խրախուսում ենք աղքատության հաղթահարումը հատկապես կրթության եւ աշխատանքի միջոցով ու հենց այս երկու գաղափարն է մեր նախագծի հիմքում: Խրախուսելով կրթությունն ու աշխատանքը՝ բոլոր այն ուսանողները, որոնք նաեւ կաշխատեն, իրենց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վճարի չափով»:

Գաբրիելյանն ընդգծեց, որ ըստ էության, նույն գաղափարն են իրացնում, ինչ նորակառույց բնակարանների դեպքում, երբ հիփոթեքի տոկոսի մարմանն է ուղղվում եկամտային հարկը, բայց տարբերություն այն է, որ եթե բնակարանի դեպքում պետությունը 30 տարի մասնակցում է հիփոթեքի տոկոսի մարմանը, ապա ուսանողի դեպքում դա ընդամենը 2 տարվա հարց է ու գումարներն էլ անհամեմատ քիչ են, իսկ ուսումնառությունից հետո հավելյալ արժեք է լինելու, դրական արդյունք:

Լիլիթ Մակունցն ասաց, որ չափազանց կարեւոր է, որ այստեղ խրախուսում են աշխատանքը. «Հաճախ ուսանողների վարձավճարը նաեւ մագիստրատուրայում հոգում են ընտանիքները, իսկ այդ տարիքում սովորող ուսանողներն այն կարգավիճակում են, որ կարող են նաեւ աշխատել ու հոգալ իրենց կարիքները: Բակալավրիատում ուսանողները իներցիոն կերպով են ընտրում հաճախ, երբ գալիս է աշխատանքի հարցը, ուսումնասիրում են աշխատաշուկան, տեսնում են, թե որ ոլորտներում են շատ վարձատրվելու, ուզում են մասնագիտությունը փոխել: Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա աշխատելու միջոցով նաեւ փոխի իր մասնագիտությունը…Մենք ներդրում ենք կատարում մասնագետի վրա եւ հետո չենք հոգում այն մասին, որ այդ մասնագետը վերադարձնի ներդրումը պետությանը եւ աշխատի, օրինակ, պետական համակարգում, հաճախ պետպատվերով սովորող ուսանողն արտագաղթում է»:

Մակունցն ասաց, որ ուսումնասիրել են արտագաղթողների ցանկը, մագիստրատուրայի տարիքում մեծ է հակվածությունը արտագաղթելու, եվրոպական երկրներում անվճար կրթություն են տալիս՝ կրթաթոշակների միջոցով ու ուսանողները գնում են: Եթե նրանք ՀՀ-ում աշխատանք ունենային ու կրթություն կարողանային ստանալ, այս դեպքերը զգալիորեն կկրճատվեին»:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ այս նախագծի ընդունման դեպքում 45 տարեկան մարդը, որն արդեն աշխատում է, կգնա արհեստականորեն մագիստրատուրա, որ եկամտահարկ ստանա, կրթության կարեւորությունը կնվազի:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այսօր մարդու ամենաթանկ բանը ժամանակն է, եթե մարդը պատրաստ է դասերի գնալ, քննությունների գնալ, սովորել, չեմ կարծում, որ դա օգուտ չի տա:

Մակունցն էլ ասաց, որ այսօր շատ մարդիկ իրենց մասնագիտությունների գծով չեն աշխատում ու այս նախագծով մոտեցնելու են մարդկանց իրենց մասնագիտությանը. «Այսօր շատ դեպքերում կրթությունը միայն տեսական է ու որեւէ կապ չունի աշխատանքի հետ: Սրա հաջորդ քայլը պետք է լինի այն, որ մենք աշխատաշուկան ու կրթությունը մոտեցնենք իրար»:

Իմքայլական Հովիկ Աղազարյանն ասաց,որ ուսման որակը անկասկած, կտուժի, ինչ չափով՝ դժվար է ասել: Նա հարցրեց. «Կառավարությունը ցանկը որոշելիս պետք է հաշվի առնի, որ հետագայում էդ մասնագետները պետական համակարգում գան աշխատեն: Եթե կառավարությունը նման հույս ունի, դա պետք է պայմանագրերով ֆիքսի, ավելի նպատակահարմար չի՞ լինի, որ հաստատվի այդ մասնագիտությունների ցանկը ու ասի՝ ովքեր հետո գան աշխատելու պետական համակարգում, երեք տարվա ընթացքում էդ գումարները հետ է գալու: Հավայի բան եք անում ի՞նչ»:

 

Մակունցն արձագանքեց, որ 2005-ից դասավանդում է բուհում, այդ թվում՝ մագիստրատուրայում ու վստահ պնդում է՝ մագիստրատուրայում կրթության որակի վրա սա ազդեցություն ունենալ չի կարող. «Զրոյական ազդեցություն: Եթե ուսման որակի մասին ենք խոսում, ապա պետք է այսօր արգելեինք ուսանողներին աշխատել, ինչը մենք չենք անում, նույնիսկ բակալավրում են աշխատում: Բուհերն ունեն ճկուն մոտեցում, դասերն անցկացվում են հիմնականում շաբաթ օրերին, աշխատող ուսանողների մոտիվացիան լավ սովորելու շատ ավելի մեծ է: Ինչ վերաբերում ուսանողի առաջ պայման դնելուն, որ անպայման հետո աշխատեն պետական համակարգում, խնդրահարույց է, մասնավոր սեկտորում բարձր են վարձատրվում, մրցունակ չէ պետականը: Այդ պայմանը կարող ենք դնել պետպատվերի հարցում»:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ներկայացնելով կառավարության տեսակետն, ասաց, որ բնակարանաշինության ծրագրում շինարարության վրա ազդեցություն կա, նոր հարկման բազաներ կան, մուլտիպլիկատիվ էֆեկտ է լինում, իսկ ուսման վարձի դեպքում կարճ ժամկետում չկա այդ էֆեկտը: Նախագծի հեղինակները չհամաձայնեցին:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անհանգստացած էր, որ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի բոլոր ուսանողները եթե սկսեն աշխատել, ինչքա՞ն գումարի մասին պետք է խոսք գնա, Արման Պողոսյանը պատասխանեց, որ նման հաշվարկ չեն արել:

Սիսակ Գաբրիելյանը պատմեց, որ իր ընկերը նոր է եկել արտերկրից, այնտեղ համալսարանի պատին փակցված է աշխատատեղերի ցուցակը ու առաջարկվում է դասերից հետո գոնե աշխատել, իսկ մեզ մոտ սովոր են մագիստրատուրայի տարիքի ուսանողին նայել՝ որպես ծնողական հոգածության տակ գտնվող մարդու:

Մակունցը հիշեցրեց, որ իրենց նախընտրական խոստումն է ունենալ հոգատար հանրություն ու իրենք դրանով պարտավոր են հոգ տանել հանրության մասին:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ դրական եզրակացություն ստացավ, Հովիկ Աղազարյանն ու «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը ձեռնպահ քվեարկեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031