Հունվարի 14-ի առավոտյան ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Արդշինբանկի» մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել և մասնաճյուղում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը հարձակվողին վնասազերծել է։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Տաշիրի բնակիչ, 33-ամյա տղամարդուն բանկի մասնաճյուղից բերման ենթարկեց բաժին։
Ինչ էր տեղի ունեցել նախքան այդ։ Դանակով զինված տղամարդը մտել էր Տաշիրի Երևանյան փողոցի բանկ, աշխատակցուհիներից մեկին սպառնացել էր ու փող պահանջել։ Ոստիկանության ծառայողն ու մասնաճյուղի կառավարիչն անմիջապես մոտեցել են հարձակվողին, ոստիկանը կիրառել է ձեռնամարտի հնարքներ և համատեղ նրան գցել են գետնին։
Այդ ընթացքում հարձակվողի ձեռքից դանակն ընկել է։ Այն դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է։ Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։
Կարդացեք նաև
Ոստիկանությունից քննչական բաժին ներկայացված տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
ՀՀ ոստիկանություն