Լրահոս
Օրվա լրահոսը

Հնագետը` հրապարակի պատմական շերտը բացելու մասին. «Չպետք է խաթարենք հրապարակի տեսքը»

Հունվար 15,2020 13:22

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը «Արմենպրեսում» կայացած ասուլիսում անդրադարձավ Հանրապետության հրապարակի պատմական շերտի բացմանը «Որեւէ երեւույթ, օբյեկտ արժեւորելիս տարբեր մոտեցումներ կարող են լինել: Քանի որ ես հնագետ եմ, մշակութաբան, սկսեմ այստեղից. մեր հանրության կյանքում պետք է կարեւոր տեղ գրավի հիշողության մշակույթը: Այն հիշողության մշակույթը, որի շրջանակներում մենք այժմ ապրում ենք, ինձ չի բավարարում որպես մարդ: Այն հատվածային է, առանձին հիշատակումներով:

Հիշողության մշակույթում շատ կարեւոր են քաղաքային մշակույթ ձեւավորող հանրային տարածքները: Երբ այդ հանրային տարածքներում հանրային խմբերը հարաբերվում են, տեղեկատվության են փոխանակում, առնչվում ինչ-որ բաների հետ: Ինքնությունները սովորաբար այդպիսի միջավայրերում են ձեւավորվում: Մարդիկ հանրային տարածքներում առնչվում են ոչ միայն իրար հետ, այլեւ պատմության: Եվ եթե այս չափանիշներով արժեւորենք ամեն ինչ, չի կարող պատահել, որ Երեւանի կամ այլ քաղաքի որեւէ մշակութային շերտ շատ բարձր արժեք չունենա»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Հավելեց. «Այն հրապարակը, որ ունենք, շատ կարեւոր պատմամշակութային արժեք է իր տեսքով: Եթե ուզում ենք որեւէ բան անել Հանրապետության հրապարակի տարածքում, պետք է այնպես անենք, որ չխաթարենք այսօրվա հրապարակի տեսքը: Դա միանշանակ է…Պետք է գտնել ձեւեր, որ այնպես աշխատենք, որ հրապարակը չտուժի դրանից: Բայցի այդ, այն կարեւորագույն տրանսպորտային հանգույց է, որը եթե չաշխատի, կոլապս կլինի»:

Հնագետը շեշտում է. «Մենք գործ ունենք 1830-ականներից հետո ձեւավորված քաղաքային հրապարակի հետ: Իսկ հրապարակի հարեւանությամբ գտնվող շինությունները խոսում են այն մասին, որ գործ ունենք ուղիղ փողոցների հետ: Երեւան քաղաքում ուղիղ փողոց ռուսական կայսրության շրջանում է ձեւավորվել: Այսինքն, կասկած չկա, որ դրանք 19-րդ դարի երկրորդ կեսի շինությունների նկուղային հարկեր են, բայց դա ոչնչով չի նսեմացնում դրանց, որովհետեւ գործ ունենք Երեւան քաղաքի պատմական շերտի հետ: Եվ եթե այդ շերտը բացելու եւ ճիշտ օգտագործելու հնարավորություն, կամքն ունենք, ուրեմն ինչո՞ւ պետք է չանենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031