«Ես մեկ բան կարող եմ անել՝ զինվորականին վայել կեցվածք ունենալ. կանգնել եմ Բաբայան Սամվելի կողքին, սատարել եմ նրան բոլոր առումներով»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Արցախում այս տարի սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին եւ այդ գործընթացում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ ԱՀ քաղաքացիությունը վերականգնելու գործընթացին՝ ասաց ազատամարտիկ, 2016թ.-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի զավթման գործով մեղադրյալ Պավլիկ Մանուկյանը:
«Բարդ է իրավիճակը: Ուզեն-չուզեն՝ պետք է հաշվի առնեն ժողովրդին: Այդ 25 000 ստորագրությունն (նկատի ունի Ս. Բաբայանի կողմնակիցների հավաքագրված ստորագրությունները.-խմբ.) այն կնիքն է, որը խփել է ժողովուրդը: Այսինքն, կան դեմքեր, որոնք «կրիտիկական» պահերին պահանջված անձինք են: Ժամանակը ցույց կտա: Ես կուսակցությունների չեմ սատարելու, ներքաղաքական կյանքում չեմ խրվելու»,-հայտնեց Պավլիկ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցության նպատակով «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը դատական կարգով պետք է վերականգնի ԱՀ քաղաքացիությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ