Տարիներ շարունակ հանրության շրջանում եղել են բողոքներ՝ վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ։ Բանկերը շատ դեպքերում դժվարությամբ են վարկեր տալիս, իսկ վարկային կազմակերպությունները հաճախ իրենք են հաճախորդ փնտրում եւ բարձր տոկոսադրույքներով վարկեր առաջարկում։ Շատ դեպքերում վերջնական գումարը վճարելուց հետո քաղաքացին հասկանամ է, որ գրեթե կրկնակի գումար է վճարել վերցրած վարկի դիմաց, քանի որ տոկոսադրույքը բարձր էր։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը ել Վարազդատ Կարապետյանը մոտ 2 ամիս առաջ շրջանառության մեջ դրած իրենց օրենսդրական նախագծով ցանկանում են մեղմել վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքները։
Նախագծի հիմնավորման մեջ նրանք նշել են, որ վարկային կազմակերպությունների սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են այդ կազմակերպության կողմից առաջարկվող վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում որոշվել է հարցի քննարկումը հետաձգել երկու ամսով։
Արտակ Մանուկյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մի քանի հարցերին.
– Առհասարակ ինչո՞վ եք պայմանավորում, որ Հայաստանում վարկային տոկոսադրույքները բարձր են, իսկ, օրինակ, բանկերում քաղաքացիների դրած ավանդների տոկոսադրույքները՝ բավականին ցածր։
Կարդացեք նաև
– Բանկային համակարգը ավանդ է ներգրավում, որը նաեւ երաշխավորվում է, իսկ վարկային կազմակերպությունների աշխատանքը մի փոքր տարբեր է։ Բայց կարծում եմ, որ վարկային կազմակերպությունները փորձում են մեր ժողովրդի ֆինանսական համակարգի մասին ցածր գիտակցությունն օգտագործելով՝ որոշակի մեծ եկամուտներ ստանալ, քան կստանային այլ հավասար պայմաններում, եթե դրանք լինեին այնպես, ինչպես, օրինակ, բանկային համակարգում։
– Հանրությունը շատ է օգտվում՝ հիփոթեքային, սպառողական վարկերից։ Որքանո՞վ են դրանց տոկոսադրույքները օրինաչափ։
– Հիփոթեքային շուկայի առումով, կարծում եմ, տեսնում եք, որ զարգացումներ լինում են։ Իսկ սպառողական վարկերի հետ կապված, եթե մենք դիտարկում ենք զուտ դրա նշանակությունը, այստեղ էլ խնդիրներ ունենք։ Շատ հաճախ դրանք մատչելի են, հեշտ են, բայց այնպես չէ, որ դրանք հենց նպատակային տեսանկյունից միանշանակ սպառողական են։ Կարող է սպառողական վարկ լինել, բայց դա ուղղված լինի, ասենք, բուժման ծախսերին։ Այս առումով էլ խնդիրներ կան, որ մենք պետք է սոցիալական քաղաքականության միջոցով սրանք ինտեգրենք։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում