Լրահոս
Օրվա լրահոսը

Որ չմաքսազերծված մեքենայի համար տուգանք չվճարեն, ներկրողները որոշել են ներկրած մեքենան տեղափոխել նորից հարեւան Վրաստան եւ փորձում են այնտեղ իրացնել. «Ժողովուրդ»

Հունվար 15,2020 12:26

Հայաստանում մի շարք ավտոներկրողներ լուրջ խնդիրների են բախվել։ Խոսքը այն ներկրողների մասին է, որոնք նախնական հայտարարագիր չեն ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե։

Իսկ մինչ այդ նշենք, որ մինչեւ հունվարի 31-ն ավտոմեքենա ներկրողները կկարողանան օգտվել մաքսազերծման ներկա կարգից։ Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարվա ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ օրենսդրությամբ գոյություն ունի «ուղեկցող բեռի նախնական հայտարարագիր» հասկացությունը, եւ եթե անձը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ՝ դեկտեմբերի 25-ին, կարող է նախնական հայտարարագրել, որ իր բեռը գալու է դեկտեմբերի 25-ից հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում եւ ներկայացնել ժամանման վայրի մաքսատուն: Այս դեպքում հունվարի 25-ին ստացվող բեռը կարող է մաքսազերծել դեկտեմբերի 25-ին գործող օրենսդրությամբ։ Ավելին, ՊԵԿ նախագահն ավտոներկրողներին խորհուրդ է տվել օրենքի ընձեռած այս հնարավորությունից օգտվելու համար ներկրվող ավտոմեքենան ձեւակերպել որպես «ուղեկցող բեռ»։

Իսկ այն քաղաքացիները, որոնք հունվարի 1-ից հետո ավտոմեքենա կներկրեն առանց նախնական հայտարարագրման, կվճարեն արդեն նոր կարգով՝ ավելի թանկ։ Պարզվում է, որ ավտոներկրողների մեծ մասը չի հասցրել նախնական հայտարարագիր ներկայացնել Գյումրիի մաքսատան անվերջ ու երկար հերթերի պատճառով։ Համենայնդեպս, այդպես պատճառաբանում են ներկրողները։ Եվ որպեսզի չմաքսազերծված մեքենայի համար տուգանք չվճարեն, ներկրողները որոշել են ներկրած մեքենան տեղափոխել նորից հարեւան Վրաստան եւ փորձում են այնտեղ իրացնել՝ թեկուզ վնասներ կրելով, միայն թե ազատվեն մեքենայից, որքան հնարավոր է, շուտ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանց թիվը հազարից անցնում է։

Նրանք, չմաքսազերծված մեքենաները Վրաստան տանելով, փորձում են այնտեղ մաքսազերծել, քանի որ ավելի էժան է ստացվում, քան մեզ մոտ։ Մի մասն էլ առանց մաքսազերծելու վաճառում է հենց ուկրաինացիներին, որովհետեւ վերջին շրջանում ուկրաինացիները սկսել են վրացական ավտոշուկայից օգտվել։ Վրաստանի օրենքները թույլ են տալիս առանց մաքսազերծելու կամ գրանցելու վաճառել, ինչպես նախկինում էր, երբ հայերը գնում, մեքենա էին ձեռք բերում ու Հայաստանում վաճառում; Հիմա նույնը հայերն են անում, այսինքն՝ նրանք, որոնք չեն հասցրել նախնական հայտարարագիր գրել, Վրաստանից ներկրած մեքենան հետ են տանում Վրաստան ու այնտեղ վաճառում։ Բնականաբար, այս ամենի արդյունքում ներկրողները ֆինանսական տույժեր են ունենում, լրացուցիչ գումարներ են ծախսում՝ չհաշված այն, որ ավելորդ քաշքշուկների մեջ են ընկնում:

«Այդպես էլ կանխատեսել էինք, որ ուշացնելու են շատերը, քանի որ բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք այն մասին, որ վրացական կողմը մեքենաներ տեղափոխող կոնտեյներները չի բացում։ Իսկ աջ ղեկով մեքենաների ղեկերը մարդիկ չէին կարողանում կարճ ժամկետներում տեղափոխել, որովհետեւ այնտեղ հերթեր էին: Այս խնդիրները նպաստեցին, որ շատ ներկրողներ ուղղակի չկարողացան, չհասցրեցին տեղավորվել ժամկետներում նախնական հայտարարագրեր ներկայացնել կամ էլ տեղափոխել Հայաստան եւ արագ մաքսազերծել»,- նկատեց ավտոներկրող Զորիկ Իգիթյանը:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031