Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ Արցախի «դե յուրե» ՀՀ-ին միացման սառեցված գործընթացը շարունակվի եւ ավարտին հասցվի»

Հունվար 15,2020 12:15

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների ֆոնին ՀՀ-ն սկզբունքորեն առողջ մոտեցում է որդեգրել: «Քանի որ գործ ունենք երկու բարեկամ երկրների հետ, չեզոքություն է պետք պահպանել, բայց նախաձեռնողականության պակաս կա, որովհետեւ տարածաշրջանային լարումների դեպքում նման ձեռնտու դիրք ունեցող երկրները, այդ թվում՝ ՀՀ-ն, կարող են կամրջի-միջնորդի կարգավիճակ ստանձնել: Ցավոք, այդ նախաձեռնողականությունը չկա»,-Aravot-ի հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց. «Նկատի ունեցեք, որ մեծ պատերազմ չի լինելու Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, թեեւ տարաբնույթ լարումներ կարող են լինել»:

Անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանն ուղղված Փաշինյանի կոչին՝ Վարուժան Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ մոտեցումը ճիշտ է:

Հետաքրքրվեցինք, թե Ավետիսյանն ինչ կարծիք ունի այն փաստի մասին, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը: Վարուժան Ավետիսյանը նշեց. «Ընդհանրապես, Արցախի սուբյեկտացումը դավաճանություն է, իսկ նման ձեւով դրսեւորումները պետք է մերժվեն: Միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ Արցախի «դե յուրե» ՀՀ-ին միացման սառեցված գործընթացը շարունակվի եւ ավարտին հասցվի: Այդպիսիք պետք է պատասխան տան՝ քաղաքական, բարոյական, իրավական առումներով, եւ ոչ միայն այդ քայլի, այլեւ իրենց կատարածի համար»:

Հարցադրումը կրկնեցինք՝ «Որքանո՞վ եք ճիշտ համարում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի կողմից նման հարցում դիրքորոշում հայտնելը»: Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ասացի, որ դա դավաճանություն է»:

Հիշեցնենք՝ Արշավիր Ղարամյանը գրել էր, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելն արժանապատվության խնդիր է Իրանի համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031