Պոլսի հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Էրդողանը Մաշալյանին ընդունել է Անկարայում՝ նախագահական նստավայրում:
Հանդիպումը մամուլի համար փակ է եղել:
Նույն օրը՝ հունվարի 14-ին, Մաշալյանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Կարդացեք նաև
Հանդիպման մասին «Twitter»-ում գրառում է արել Չավուշողլուն՝ նշելով. «Շնորհավորում եմ Թուրքիայի հայոց 85-րդ պատրիարք ընտրված Սահակ Մաշալյանին: Հայ համայնքի և մեր երկրի համար թող բարի լինի: Կշարունակենք բոլորս միասին աշխատել մեր երկրի բազմամշակութային և հանդուրժողականության մթնոլորտում»:
Հիշեցնենք` 12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։ Նորընտիր պատրիարքի գահակալությունը տեղի ունեցավ հունվարի 11-ին: