Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյան. Ամենատխուրն նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանության մեջ այն է, որ նա միությանը շանտաժ է անում. «Հրապարակ»

Հունվար 15,2020 11:09

Հուլիսի 3-ի կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ 2020 թվականին հիմնվելու է 650 «Արմաթ» լաբորատորիա։ Բայց դեկտեմբերի 30-ին «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նամակ է ստանում նախարարից, որ «Արմաթի» հարցը կքննարկվի 2021 թվականի բյուջեում։ Սա նշանակում է, որ, փաստորեն, ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը դադարեցվում է։ Կարեն Վարդանյանը բարձրաձայնում է այս մասին, հույս հայտնելով, որ նախարարի շրջապատում կան մարդիկ, որոնք սաբոտաժի են ենթարկում Հայաստանի ՏՏ ոլորտի համար կարեւորագույն գործը՝ ինժեներական լաբորատորիաների ցանցի ստեղծումն ու զարգացումը Հայաստանով մեկ։ Իր այս ելույթի համար Կարեն Վարդանյանը երեկ արժանացավ նախարարի «շշպռոցին»:

Նախարարը կցել է սոցցանցի իր էջին Կարեն Վարդանյանի հարցազրույցը lratvakan.am կայքին ու սպառնալից գրառում է արել. «Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունն ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլեւս անվստահելի գործընկեր է դարձնում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համար»։ Նախարարը հիշեցնում է, որ 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն։

Կարեն Վարդանյանին հարցրինք, թե ինչու ինքը հաշվի չի առնում, որ Արայիկ Հարությունյանն «Արմաթին» 6 օր առաջ 800 մլն դրամ է տվել։ «Սուտ է ասում, մենք ստացել ենք 4 ամիս առաջ 837 մլն դրամ։ Այդ գումարը տրվել է, 284 լաբորատորիա է ստեղծվել։ Եթե 6 օր առաջ է տվել, թող իր էջում դնի այդ գումարի հանձնարարականը, ֆինանսական փաստաթուղթը»:

«Ու ամենատխուրն իր մեկնաբանության մեջ այն է, որ նա միությանը շանտաժ է անում։ Ես դա հասկանում եմ այսպես՝ որ եթե այդ տնօրենին չհանեք, մենք ձեզ հետ չենք համագործակցի։ Ամոթ է ուղղակի։ 2 տարի է, մեր միության անունը փոխված է, այն կոչվում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, ոչ թե ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Նախարարը նույնիսկ մեր անունը չգիտի։ Դա անլուրջ մոտեցում է, դրա համար էլ իրեն սխալ թվեր են տալիս ու ինքը տակը ստորագրում է»։ Դեկտեմբերի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը թղթից կարդաց, որ տարեսկզբին ունեինք 400 «Արմաթ» լաբորատորիաներ, իսկ Կարեն Վարդանյանը նրան ուղղեց, ասելով. «Պարոն նախարար, դուք սխալ թվեր եք կարդում, լաբորատորիաները մոտ 200-ն են»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031