Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի լուսանկարիչն ու ուզբեկ երգիչը՝ հայկական օպերային ձայների «հետքերով»

Հունվար 15,2020 12:30

«Առավոտը» ամանորյա տոներին զրուցելով Երեւանում գտնվող  երիտասարդ արվեստագետների՝ ֆրանսիացի լուսանկարիչ Ժուլյեն Պեբղելի եւ ուզբեկ օպերային բաս Բախտիյոր Բախոդիրովի հետ, արդեն որերորդ անգամ համոզվեց, որ աշխարհում եղել ու շարունակում է մնալ հետաքրքրությունը հայկական վոկալ դպրոցի հանդեպ:

Լուսանկարիչ Ժուլյեն Պեբղելը շվեյցարաբնակ ֆրանսուհի երաժշտագետ, մշակութային լրագրող Սալոմե Կիների հետ 1879թ. հիմնադրված Ժնեւի օպերային մեծ թատրոնի կողմից գործուղվել են տարածաշրջան՝ թատրոնի ամսագրում օպերային ձայներ ներկայացնելու նպատակով:

Ժուլյենն ասաց, որ գործընկերուհին՝ Սալոմեն, զրույցներ է ունեցել Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Դավիթ Բաբայանցի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի դասախոս Լուսինե Ազարյանի եւ կոնսերվատորիայի օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանի հետ:

Հետաքրքրությանը, թե մինչ Հայաստան այցը ծանո՞թ է եղել մեր վոկալ դպրոցի ներկայացուցիչների հետ, լուսանկարիչը պատասխանեց. «Այդ հարցին սպառիչ պատասխան կտար արդեն Ֆրանսիա մեկնած գործընկերս, մասնագետը՝ Սալոմեն, բայց կուզեի նշել, որ Ֆրանսիայում ունեմ հայ ընկերներ: Կառանձնացնեի նրանցից մեկին՝ մասնագիտությամբ ինժեներ Շանթ-Լողան Մագդիսյանին, որի ընտանիքը շատ վաղուց Լիբանանից տեղափոխվել եւ հաստատվել է Փարիզում: Ասեմ նաեւ, որ հետաքրքիր են եղել զրույցները ձեր վոկալի մասնագետների հետ: Իմ եւ Սալոմեի համար ողջունելի էր, որ  Երեւանում գործում  է օպերային ստուդիա եւ շատ շուտով կազդարարվի այս փոքրիկ քաղաքում օպերային երկրորդ թատրոնի գործունեության սկիզբը: Ստուդիայի տնօրեն պարոն Վարդանյանից տեղեկացա, որ վերածնունդ է ապրելու ստուդիան, շատ շուտով հանդես են գալու չորս թեմատիկ համերգային ծրագրերով, ապա գարնանը կկայանա Դոնիցետիի «Դոն Պասկուալե» օպերայի պրեմիերան»: Խնդրեցինք իր տպավորությունները կիսել նաեւ վրացի եւ ադրբեջանցի օպերային ձայների մասին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ տպավորված են վրացի արտիստների հետ իրենց հանդիպումներից, իսկ ադրբեջանցի օպերային երգիչների մասին ոչինչ ասել չի կարող, որովհետեւ Ադրբեջանում չեն եղել:

Հետո էլ մանրամասնեց. «Ըստ էության, սա իմ երկրորդ այցն է Հայաստան եւ հայտնի է, որ ադրբեջանցիները թույլ չէին տա ինձ իրենց երկիր մուտք գործել, քանի որ 2013թ. Երեւանով տրանզիտ մեկնել եւ մեկ ամիս անցկացրել եմ Արցախում՝ Շուշիում եւ Ստեփանակերտում, ապա կարճ ժամանակահատված լուսանկարների շարք եմ պատրաստել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Արցախն ունի չտեսնված բնություն, բայց Լիճքում արված լուսանկարները, որոնք հրապարակվել են ոչ միայն Ֆրանսիայում, նաեւ Ճապոնիայում, Շվեյցարիայում, Թայվանում ու ԱՄՆ-ում, պարզապես շոկի մեջ են գցել դիտողներին: Պատճառը գյուղում տղամարդկանց բացակայությունն էր, նրանց գործն էլ կանայք էին կատարում: Դա չտեսնված մի բան էր: Ամենակարեւորը, սակայն, այն էր, որ կանայք երբեք չէին տրտնջում, օրնիբուն աշխատում էին եւ իրենց, եւ տղամարդկանց փոխարեն»: Զրույցի ընթացքում լուսանկարիչը հավաստիացրեց, որ Ժնեւի թատրոնում տարեկան իրականանում է 8 պրեմիերա՝ 6 օպերային, 2 բալետային, յուրաքանչյուր ներկայացում էլ ցուցադրվում է 6-12 անգամ:

Ուզբեկ օպերային բաս Բախտիյոր Բախոդիրովը նշեց, որ ինքը 2019թ. երիտասարդ օպերային երգիչների Ուզբեկստանի նախագահի մրցանակակիր է, ուսանել է տեղի պետական կոնսերվատորիայում, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մույասար Ռազոկովայի դասարանում, մասնակցել է մի շարք հանրապետական մրցույթների եւ անցյալ տարի առաջին անգամ կայացած միջինասիական երկրների երաժշտարվեստի տարբեր ոլորտներ ընդգրկող Central asiasgot tallent մրցույթին, որն ունեցել է ավելի քան 2 մլն մասնակից, զբաղեցրել է 2-րդ տեղը: «Վառ հիշողություններ ունեմ 2015թ. Սանկտ Պետերբուրգում կայացած «Արծաթե կամերտոն» միջազգային մրցույթից, որտեղ մասնակից շուրջ 100 վոկալիստների թվում  արժանացա առաջին մրցանակի»,- նշեց Բախտիյորը: Իսկ ինչ նպատակով է Երեւանում, մեր զրուցակիցն ասաց. «Անցյալ տարի մասնակցեցի ԱՊՀ երկրների մասշտաբային երիտասարդական ստուգատեսին՝ Դելփյան խաղերին, որի ժյուրիի աշխատանքներին մասնակցում էր նաեւ ձեր օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը: Ապշեցի պարոն Ջավադյանի ներկայացրած երիտասարդ վոկալիստների արվեստով: Հենց նրանցից տեղեկացա Երեւանի օպերային թատրոնում գոյություն ունեցող Երիտասարդական ծրագրից եւ տեղում որոշում կայացրի ինքս էլ դառնալ այդ ծրագրի անդամ: Ի դեպ, Դելփյան խաղերի ավարտից հետո, որտեղ արժանացա բրոնզե մեդալի, ինձ մոտեցավ ժյուրիի անդամ, ադրբեջանցի օպերային երգչուհի Ֆիդան Հաջիեւան, տվեց իր հեռախոսահամարը եւ առաջարկեց իր օգնությունը: Բայց ես այդպես էլ իրեն չդիմեցի…»: Հարցին, թե դա միա՞կ առաջարկն է եղել, երիտասարդը հիշեց, որ առաջին առաջարկը ստացել է 17 տարեկանում. «Սանկտ Պետերբուրգում կայացած մրցույթից հետո եղավ առաջարկ, բայց երբ իմացան, որ այդքան երիտասարդ եմ, շատ ափսոսացին, որ չեն կարող վերցնել…»: Զրույցի ընթացքում Բախտիյորից տեղեկացանք, որ նա ժամանակին ընտրել է տնտեսագետի մասնագիտությունը ու 2013թ. տնտեսագիտական քոլեջի 3-րդ կուրսից տեղափոխվել է մշակույթի ոլորտ: «Հայրս դատավոր է, մայրս՝ գիտաշխատող, օպերային արվեստի հետ բնավ կապ չունեն: Նրանք պարզապես դեմ էին իմ ընտրությանը, բայց երբ առաջին անգամ հանրապետական մրցույթում արժանացա առաջին մրցանակի, որն ինձ հնարավորություն տվեց առանց քննությունների ընդունվել կոնսերվատորիա, ծնողներս միանգամից «թեքվեցին» օպերային արվեստի կողմը»:  Բախտիյորը դեռ չգիտի՝ ինչքան կուսանի Երեւանի օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրում, բայց մի բանում համոզված է՝ «կանեմ այնպես, ինչպես ճիշտ կգտնի Լեւոն Ջավադյանը»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031