Հունվարի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Կարեն Ծաղիկյանը մահացավ: Վերջինի հարազատներն ասում էին, որ նա ուներ առողջական լուրջ խնդիրներ, եւ անհամատեղելի էր նրա կալանքը հիվանդության հետ:
Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ նրա կալանավորումը կիրառվել է՝ սկսած 2018թ. մարտի 15-ից: 2018թ. դեկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ այդ պահից սկսած՝ մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի լուծման հարցը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի իրավասության շրջանակներում: Ըստ դատախազության. «Քրեական գործի նախաքննության ընթացքում կալանքի հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով Կ. Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել: Նման միջնորդություն ներկայացվել է դատական քննության շրջանակներում»:
Իսկ երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել էր, նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, համաձայն 2019թ. դեկտեմբերի 20-ի եզրակացության՝ Կ. Ծաղիկյանի մոտ առկա են եղել մի քանի հիվանդություններ, որոնցից միայն «աջ աչքի բարձր աստիճանի բարդացած կարճատեսությունը, միոպիկ խորիոռետինոպաթիա, գլաուկոմայի կասկած, ֆակոսկլերոզ, բլեֆարիտ, ձախ աչքի ակնագնդի սուբատրոֆիա…» ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ ընդգրկված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» հավելված 2-շարքին:
Այս լուրի հրապարակումից հետո «Առավոտին» արձագանքեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Անահիտ Սաղաթելյանն իր պաշտպանյալի՝ Գեւորգ Տոնեյանի խնդրով: Վերջինը կալանքի տակ է 2015թ. հունվար ամսից: Կալանքի վերցվելու պահին նա տառապել է մի շարք հիվանդություններով, ունեցել է հաշմանդամության 3-րդ կարգ:
Կարդացեք նաև
«Դեռեւս 2018թ. դեկտեմբերին, երբ այցելեցի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ տեսակցելու իմ պաշտպանյալ Գ. Տոնեյանին, ով 2018թ. նոյեմբերի 22-ին այդտեղ էր բերվել «Արմավիր» ՔԿՀ-ից, իմ այցելության ժամանակ Տոնեյանը տեսակցության սենյակ ներկայացվեց անվասայլակով. նա ի վիճակի չէր քայլել ինքնուրույն, ամբողջովին կորած էր քրտինքի մեջ, տառապում էր սաստիկ ցավերից: Անտանելի ցավերից բարձրաձայն լաց էր լինում, ուժասպառությունից խոսքը տեղ-տեղ հասկանալի չէր: Արգելանքի տակ գտնվելու ողջ ժամանակահատվածում Տոնեյանի առողջական վիճակը գնալով վատթարացել է: Ներկա պահին էլ նրա առողջական վիճակը հույժ մտահոգիչ է. Տոնեյանի մարմնի տարբեր մասերին առաջացած գարշահոտ խոցերը սպառնալիք են նրա կյանքին կամ առնվազն հանգեցնելու են հաշմանդամության: Ձախ ոտքն ամբողջովին հեռացված է, կտրել են մաս-մաս, մինչեւ խնձորակից ամբողջովին հեռացրել են»,-«Առավոտին» ասում է Ա. Սաղաթելյանը:
Պաշտպանն ահազանգել է ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին, ՔԿՀ պատասխանատուներին, հայտնելով, որ ըստ բժշկական քարտի եւ հիվանդության պատմագրի, Տոնեյանի մոտ ախտորոշվել է «անձի օրգանական էմոցիոնալ-անկայուն խանգարում», «ողնաշարի գոտկային հատվածի սկոլիոզ», «քրոնիկական պանկրեատիտ, նեֆրոլիթիազ՝ ձախից» «վեգետա-անոթային դիստոնիա», «երկրորդային ասթենո-նեւրոտիկ համախտանիշ», «քրոնիկ հեպատիտ, քրոնիկ պրոստատիտ»:
Ի դեպ, ըստ «Արմավիր» ՔԿՀ-ի նախկին ժ/պ Խաչիկ Հարությունյանի կողմից տրված տեղեկանքի, Տոնեյանի մոտ ախտորոշված է «աջ թոքի վերին բլթի ինֆիլտրատիվ տուբերկուլյոզ քայքայման փուլում»: Նույն այդ տեղեկանքի համաձայն, Տոնեյանի մոտ ախտորոշված է հետտրավմատիկ էնցեֆալոտոպիա, օրգանական էմոցիոնալ անկայուն խանգարում, խրոնիկական էրոզիվ գաստրիտ, թոքերի ֆիբրոզ խրոնիկական վիրուսային հիվանդություն, ստորին վերջույթների թրոմբոֆլերիտ, երակային անբավարարություն, աջ սրունքի միջին երրորդականի տրոֆիկ խոց:
Անահիտ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանների որոշմամբ մերժվել են իր միջնորդություններն ամբաստանյալ Գեւորգ Տոնեյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը վերացնելու կամ կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխելու մասին` թողնելով անփոփոխ խափանման միջոց կալանավորումը:
Հիշեցնեմ, որ Գեւորգ Տոնեյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 22-ին Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի չբնակեցված տանն իր մորաքրոջ որդի Էդիկ Մանուկյանի հետ գումարային հարցերի շուրջ վիճաբանել էին Արման Բեկթաշյանի (Երեւան քաղաքի դատավոր Արմեն Բեկթաշյանի եղբորորդին է) հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել նրան եւ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Մեկ այլ դրվագով էլ, 2015թ. փետրվարի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի քննչական սենյակում քննիչի կողմից դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթացնելու ժամանակ վերցրել էր սեղանին դրված իր քրեական գործը եւ պատռելու եղանակով ոչնչացրել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող քրեական գործի նյութերից որոշ փաստաթղթեր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Բուն մեղադրանքը դեռ չեն լսել: Այս գործով 3 դատավոր է փոխվել, իսկ դա նշանակում է՝ դատական գործընթացը սկսել զրոյից:
Պաշտպանն ասում է. «Տոնեյանը կես մարդ է դարձել, մինչ օրս հիվանդանոցում է, առողջանալու հույսը գնալով մարում է: Բայց դատարանը դեռ բերման որոշումներ է կայացնում, չտեսնելու է տալիս հիվանդանոցից պարբերաբար ներկայացվող տեղեկանքները»:
«Առավոտ» օրաթերթ
14.01.2020