Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում ենք անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում ընթացող կառուցապատումը»

Հունվար 15,2020 13:30

Դալմայի այգիների տարածքում ընթացող շինարարական աշխատանքների կասեցման վերաբերյալ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի Ազգային Պլատֆորմը հայտարարություն է տարածել` մտահոգություն հայտնելով Դալմայի այգիներում ընթացող կառուցապատման վերաբերյալ:

«Ներկա պահին Երեւանի Դալմայի այգիներում ընթանում է կառուցապատում՝ ՀՀ կառավարության 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշման հիման վրա: Այդ որոշումն «օրինականացնելու» միտումով, որոշումից մեկ (1) տարի անց՝ 09.01.2019թ.-ին,  ոչ ճիշտ եւ թերի ՇՄԱԳ-ի հիման վրա  ՀՀ ՇՄՆ  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը  տվել է դրական փորձաքննական եզրակացություն:

Սույն հայտարարությամբ խնդրում ենք անհապաղ կասեցնել այդ կառուցապատման ընթացքը՝ անորոշ ժամանակով,  ներքոնշյալ պատճառներով.

  1. Վերջերս հանրությանը հայտնի դարձավ, որ Դալմայի այգիներում առկա մի քանի պատմական հուշարձաններից մեկը շինարարների կողմից հողին է հավասարեցվել:

Այս մասին «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը,  02.12.2019թ. տեղեկություն ստանալու հարցմամբ, իրազեկել է ՀՀ գլխավոր դատախազին, նշելով, որ նոյեմբերի 16-ից սկսած՝ ՀՀ գրեթե բոլոր լրատվամիջոցները հայտարարել են, որ  այդ տարածքում 16-17 դարերի գինու հնձան է քանդվել:

Այս ամենի արդյունքում ենթադրվում էր, որ համաձայն ՀՀ քր. Դատ. Օր-ի 175 եւ 176 հոդվածների, դատախազությունն անհապաղ ձեռնամուխ պետք է լիներ մի քանի քրեական գործեր հարուցելուն.

1000-ամյակների պատմություն ունեցող լանդշաֆտի եւ պատմամշակութային հուշարձանի առկայության պայմաններում շինթույլտվություն տալու, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության  մասին»   ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի պահանջի խախտմամբ՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը ոչ ճշգրիտ եւ/կամ թերի  անցկացնելու եւ դրական եզրակացություն տալու,  հուշարձանի վայրում կառուցապատում թույլատրելու, 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշման ՇՄԱՓ-ը՝ որոշումից մեկ տարի անց կազմելու եւ այլ գործերով:

  1. Կառավարության վերոնշյալ 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշման 8.2 կետով սահմանված էր, որ «Պարկ Գրուպ» ՍՊ ընկերությունը  պետք է փոխհատուցի  «որոշման 3-րդ կետում նշված հողամասի նկատմամբ սահմանված կարգով օգտագործման իրավունք ունեցող անձանց, ինչպես նաեւ հողամասի փաստացի օգտագործողներին»:

Այդ կետը լիարժեք չի իրականացվել: Իրենց հողատարածքներում հողօգտագործողների կողմից կառուցված շենք-շինություններն առանց տերերի գիտության եւ ներկայության քանդվում են (հիմնականում ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին, հիմա նաեւ ոստիկանության օժանդակությամբ): Իրենց հողատարածքները եւ տները կամավոր լքել չցանկացող հողօգտագործողներին ահաբեկում են, եղել է նաեւ մեքենայով հողօգտագործողի վրա քշելու փորձ (Մալաթիայի ոստիկանությունում գործ է հարուցված): Քրեական գործ կա հարուցված նաեւ հողօգտագործողի ստորագրությունը կեղծելով լիազորագիր կազմելով՝ հողօգտագործողի անունից նոտարով գործարք կատարելու համար:

  1. Կառավարության 5-Ա որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրության մի շարք դրույթների խախտմամբ, օրինակ. Ըստ ՀՀ օրենսդրության եւ միջազգային Կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների՝  հողօգտագործողներին փոխհատուցելու  խնդիրը  պետք է կարգավորված եւ ավարտված լիներ նախքան կառավարության կողմից որոշումը կայացնելը: Ընդ որում, փոխհատուցումը պետք է կատարվեր՝ ելնելով միասնական, բոլորի համար ընդունելի սակագնով (ոչ պակաս, քան կադաստրային արժեքը), եւ ոչ թե՝ կամայական:

Այդ որոշման ընդունմանը պետք է նախորդած լիներ ոչ միայն հողօգտագործողների համարժեք եւ լիարժեք փոխհատուցումը, բնականաբար՝ նաեւ  նրանց հասցվելիք վնասի նախնական հաշվարկը, նրանց ունեցած տարածքների վրա առկա ծառերի, բուսատեսակների, շենք-շինությունների գույքագրումն ու  գնահատումը: Շահագրգիռ հանրությունը պետք է  որոշման ընդունման ամենավաղ փուլից ակտիվ եւ գործուն մասնակցություն ունենար այդ որոշման կայացմանը: Ինչը չի արվել:

  1. ՀՀ Աժ 09.03.2004թ. որոշմամբ  Հայաստանը վավերացրել է Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան, որի դրույթները եւս խախտվել են: Հնագետների պնդմամբ՝ Դալմայի այգիներում կա առնվազն 3000-ամյա խաղողի այգիների լանդշաֆտ, որը մասամբ արդեն ոչնչացվել է, մնացածն է ոչնչացման եզրին է:
  2. Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության 1.12.2019թ. թիվ 34/14-1/29043-19 գրության՝ ԿԳՄՍ աշխատանքային խումբն իրականացրել է դաշտային աշխատանքներ եւ հետազոտություններ եւ փաստել, որ նշված տարածքում առկա են պատմական, հնագիտական, ազգագրական եւ ճարտարապետական արժեք ունեցող օբյեկտներ, որոնց կապակցությամբ առաջարկ է ներկայացված. կազմել այդ շինությունների վկայագրերը՝ դրանց պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու նպատակով: Այդուհանդերձ, շինարարական աշխատանքները չեն դադարեցվել, եւ պատմական արժեքները շարունակում են ոչնչացվել:
  3. Պետական փորձաքննական եզրակացության (թիվ ԲՓ01 01.09.2019) փորձաքննական պահանջներ բաժնի 4-րդ պարբերությամբ ամրագրված է, որ «Ծրագրի» շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում պատմամշակութային եւ հնագիտական շերտերի ի հայտ գալու դեպքում հետագա աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան մասնագետի՝ հնագետի եզրակացությունն ստանալուց հետո: Այսինքն՝ շինարարական աշխատանքները պետք է դադարեցվեին, մինչեւ հնագետի կողմից եզրակացություն ստանալը:
  4. ՀՀ Հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ պատմական եւ մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների զբաղեցված հողամասերը համարվում են պատմական եւ մշակութային հողեր: Այդպիսի հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն»:

«Առավոտ» օրաթերթ
14.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031