Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական համալսարանի վաղվա օրը

Հունվար 15,2020 12:00

Այսօր, երբ Հայաստանում նորից զգացվում է երազանքների հետեւից գնալու եւ հեղափոխական փոփոխություններով դրանք իրականություն դարձնելու շունչը, չափազանց կարեւոր է չմոռանալ մի կարեւոր երազանքի մասին, որի վրա պետք է հիմնվեն Հայաստանը վերափոխելու մնացած բոլոր երկարաժամկետ ծրագրերը։ Այդ երազանքն անցած դարասկզբին, երբ նոր փուլ մտավ ժողովրդից ազգ դառնալու գործընթացը, ձեւակերպվեց որպես Հայկական համալսարան։

Սովորաբար, հայ պատմագրությունը հակառակ տրամաբանությամբ է ներկայացնում միջնադարյան հայկական համալսարանների փակումը. սկսվեցին ծանր ժամանակներ, եւ համալսարանները փակվեցին, այնինչ՝ եղել է հակառակը. համալսարանները կորցրել են իրենց բարձր դիրքը, ինչին հաջորդել է ազգի անկումը։   Նույն տրամաբանությունը գործեց նաեւ 1919-ին. ամենից ծանր ժամանակաշրջանում հիմնադրված համալսարանը դարձավ Հայաստանի վերածնության ջահակիրը։

Հիմնականում քաղաքական իրողություններով պայմանավորված՝ Հայկական համալսարանը՝ Երեւանի պետական համալսարանը, իր հարյուրամյա պատմության ընթացքում թեեւ ամեն ինչ արել է իր պատմական առաքելությունը լավագույնս անելու համար, սակայն ինքնիշխանության բացակայությունը թույլ չի տվել, որ այն դառնա երազանքի լիարժեք իրագործումը։ Ազգային արժեքների եւ իդեալների ձեւավորումը, օրինակ, մշտապես մնացել է որպես մարգինալ գործառույթ՝ չափազանց խիստ հսկողության տակ։ Այսօր, սակայն, ճիշտ ժամանակն է, որ Հայկական համալսարանի երազանքը վերադառնա օրակարգ, եւ ԵՊՀ առաջիկա տասնամյակի զարգացման ռազմավարությունը ձեւակերպվի հենց այդ երազանքից, այլ ոչ թե քաղաքական-պալատական կոնյունկտուրայից եւ ներկա գիտակրթական ոչ բարենպաստ իրավիճակի հետ համակերպումից։ Ժամանակն է, որ Երեւանի պետական համալսարանը դառնա Հայաստանի քաղաքակրթական գլխավոր այցեքարտը, որովհետեւ ինչպիսին որ Համալսարանն այսօր է, այդպիսին լինելու է Հայաստանի վաղվա օրը։ Ժամանակն է, որ ԵՊՀ-ն դառնա հայության համախմբման մի կարեւոր օղակը՝ հաղթահարելով այնպիսի արհեստական թնջուկներ, ինչպիսին, օրինակ, տարբեր ուղղագրություններն են։ Եվ ամենակարեւորը՝ Համալսարանը պետք է դառնա գաղափարների գեներացման գլխավոր վայրը՝ պատասխանատու դառնալով ոչ միայն իր ուսանողների, այլեւ ողջ Հայաստանի լուսավորության համար։

ԵՊՀ կանոնադրության 1-ին հոդվածն ամրագրում է, որ համալսարանի՝ որպես պետական ինքնավար բուհի գործունեությունը նպատակամղված է հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտության, տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության եւ հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպմանը՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով եւ կրթական ծրագրերով։ Դա նշանակում է, որ ԵՊՀ-ն բազմապրոֆիլ դասական համալսարան է, որի գործունեությունը ներառում է թե՛ կրթական, թե՛ հետազոտական ծրագրերի իրականացումը։ Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե գործնական եւ հանրային դիտանկյուններից, ինչպիսի՞ փաստացի կարգավիճակ եւ ընկալում ունի համալսարանը, որքանո՞վ է համալսարանի գործունեությունը արտացոլում կանոնադրությամբ սահմանված նպատակներն ու առաքելությունը։

Իմ կարծիքով, համալսարանը պետք է ընկալվի ոչ միայն որպես հարյուրամյա կենսափորձ ունեցող, այլեւ առաջադեմ եւ դինամիկ զարգացող բուհ, որը պետք է առանձնանա կրթության եւ հետազոտության մեջ նորարարություններով։ Թե՛ հավատարմագրման գործընթացում, թե՛ հանրային ընկալման մեջ համալսարանի գործունեությունը բավականին թույլ դիրքավորում ունի հատկապես հետազոտական բաղադրիչի ցուցիչով։ Հետեւաբար, առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկել կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման եւ գիտական հետազոտական գործունեության խթանման ուղղությամբ։ Բացի դրանից՝ համալսարանի հասարակական ընկալումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, թե ինչպիսի մասնագետ եւ քաղաքացի է այն տալիս հասարակությանը,  որքան է համալսարանի շրջանավարտը մրցունակ աշխատաշուկայում, ինչպիսի հատկանիշներով եւ կիրառական գիտելիքներով ու հմտություններով է նա օժտված։

Իմ կարծիքով, անհրաժեշտ է համալսարանի կողմից իրականացվող կրթական ծրագրերը վերանայել այնպես, որ հստակորեն մշակված չափորոշիչների ներդրմամբ ապահովվի ուսանողներին կիրառական գիտելիքների հաղորդման եւ հետազոտական բաղադրիչի ներդրման լիարժեքությունը։  Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնցից կառանձնացնեմ, մասնավորապես, հետեւյալները.

– աշխատաշուկայի պահանջարկի համալիր ուսումնասիրության հիման վրա սահմանել կամ վերասահմանել հետազոտական գերակայություններ համալսարանի գիտակրթական բոլոր ստորաբաժանումներում,

– վերասահմանել համալսարանի կրթական ծրագրերի վերջնարդյունքները՝ ըստ հետազոտական գերակայությունների ու խնդիրների, վերանայել կրթական ծրագրերի կառուցվածքն եւ բովանդակությունը՝ ըստ նոր վերջնարդյունքների (շատ կրթական ծրագրերում դասընթացների թվի կրճատումն անհրաժեշտություն է, քանի որ մեծ թվով դասընթացներ անցնող ուսանողը չի կարող հետազոտահենք ուսումնառություն իրականացնել), կրթական ծրագրերում ներդնել հետազոտության մեթոդներ եւ տեխնիկա, ակադեմիական ազնվություն ու բարեվարքություն բովանդակող պարտադիր դասընթացներ,

– դասախոսների ինչպես բեռնվածության, այնպես էլ ընտրության քաղաքականության եւ ընթացակարգերի մեջ ներդնել առավել շոշափելի ու արդիական հետազոտական պահանջներ ու ցուցիչներ,

– էապես մեծացնել դասախոսների եւ ուսանողների նյութական եւ բարոյական խրախուսումը՝ ուղղված հետազոտական նախագծերում ներգրավվելուն, հետազոտական դրամաշնորհներ բերելուն, գիտական առաջավոր հանդեսներում հոդվածներ հրատարակելուն եւ առհասարակ, պիտանի հետազոտական արդյունք ապահովելուն։

Շեշտն անհրաժեշտ է դնել կրթական եւ գիտական-հետազոտական ծրագրերի իրականացման վրա, ինչը պետք է հանդիսանա նաեւ համալսարանի վարչական ենթակառուցվածքների արդյունավետությունը կանխորոշող ցուցիչ։ Ներկայումս ԵՊՀ վարչական ենթակառուցվածքները ստեղծվել եւ գործում են այլ տրամաբանությամբ։ Կարելի է ասել, որ վարչական ենթակառուցվածքներն են կանխորոշում կրթական ծրագրերի բովանդակությունն ու իրականացումը, մինչդեռ հենց կրթական ծրագրերը պետք է ունենան կանխորոշող նշանակություն։ Գաղտնիք չէ, որ արդի պայմաններում գիտության առանձին ճյուղերն ու մասնագիտությունները այլեւս միմյանցից տարանջատված չեն զարգանում, եւ ակտիվորեն տեղի է ունենում գիտության տարբեր ճյուղերի ինտեգրման գործընթաց կամ էլ առնվազն ավելանում են դրանց հատման կետերը։ Աշխատաշուկայի պահանջարկի կանխատեսման եւ հաշվարկի, ինչպես նաեւ մատուցվող կրթական ծրագրի մրցունակության ապահովման համար արդյունավետ կլինի հատկապես այն, որ շեշտը դրվի միջամբիոնային եւ միջֆակուլտետային կրթական ծրագրերի իրականացման վրա, ինչը կհանգեցնի վարչական ենթակառուցվածքների կազմակերպման տրամաբանության վերանայմանը։ Համալսարանը պետք է դառնա նորարարական եւ գործնական պահանջարկ ունեցող գիտելիքներ տվող, կիրառական հետազոտություններով գիտելիք ստեղծող, պետական եւ մասնավոր հատվածի, տեղական եւ միջազգային հետազոտական կառույցների, հիմնադրամների հետ համագործակցող առաջատար հաստատություն, ինչը հնարավոր է բացառապես գիտության եւ կրթության զարգացման ժամանակակից միտումների համընթացության ապահովման պայմաններում։


Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031