ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզ Ալ-Դին Ռաշիդ Հաջիին
Մշտական հանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ, որոնք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը, ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս:
Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը հավասարակշռված հարաբերություններ է զարգացնում բոլոր գործընկերների հետ` ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության` հավելելով, որ այս ուղղությամբ լարվածության լիցքաթափման նշանները զգուշավոր հուսադրող են:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իզ Ալ-Դին Ռաշիդ Հաջին բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումն ու ընդգծել փոխայցերի անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկայի, սոցիալական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
ՀՀ Ազգային ժողով