Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին վերջին շրջանում շատ են քննադատում, սկսած՝ առողջապահության ապահովագրության ծրագրից, մինչեւ վերջին օրերս մեկնարկած ծննդատների փակումը:
Մինչդեռ Թորոսյանի վարկանիշը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո բավականին բարձր էր, նա իր վարկանիշով մրցակցում էր վարչապետի հետ: Այսօր Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ մտահոգո՞ւմ է արդյոք, որ ծննդատների փակման քաղաքականությամբ իր վարկանիշը կտրուկ ընկնում է, հատկապես նրան քննադատում են ինչպես քաղհասարակության ներկայացուցիչները, այնպես էլ շարքային քաղաքացիներ, նա կարծես թե այլեւս «սրտի» նախարար չէ:
Թորոսյանն ի պատասխան ասաց. «Սոցհարցում չեմ արել, որպեսզի իմանամ իմ վարկանիշը, առավելեւս որեւէ պաշտոնյայի հետ համեմատվել: Ես, մենք, ես ինձ չեմ համարում առանձին անհատ նախարարությունում, առաջնորդվում ենք սկզբունքներով՝ գիտությամբ, ապացուցողականությամբ, միջազգային լավագույն փորձով: Նույն ապահովագրությունը ցույց է տալիս, որ խնդիրը՝ ֆինանսական մատչելիության, դա է ճանապարհը, ու ես կարող է քննադատվեմ դրա համար, ես չեմ խուսափում դրա մասին խոսելուց, եւ մեր օրակարգն առաջ տանելուց»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ