Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը «google»-ից հանած տվյալներ ներկայացրեց՝ որ ծննդատունը որ համայնքից որքան հեռու է

Հունվար 14,2020 21:44

Մարզային որոշ բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունների լուծարման գործընթացը մեկնարկել է դեռեւս 2018 թվականից, երբ առողջապահության նախարարը ստորագրեց ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների մասին հրամանը՝ 1-ին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

Նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած ասուլիսին, Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց՝ այս նախաձեռնությունը իրենն է, մինչ այդ ծննդատներն ունեին կարգեր, սակայն դրանք այնքան էլ կանոնակարգված չէին շնորհվում:

«Հաճախ շնորհվում էին զանգով, երբ մի հատ ավելի հետաքրքիր կաբինետից զանգ էր լինում եւ որեւէ ծննդատուն միանգամից դառնում էր 3-րդ կարգի, մենք զրոյացրեցինք»,-ասաց նախարարը: Չցանկացավ նման ծննդատների անուններ  նշել: Հանրապետության բոլոր ծննդատներն, ըստ այդ հրամանի, անկախ մասնագետները գնահատեցին, ստուգում բուժանձնակազմի ու պահանջվող մասնագետների առկայությունը ու հավաքագրված տվյալները փոխանցում նախարարությանը, վերջինս էլ դրանց հիման վրա է որոշում կայացրել՝ պետպատվերի տրամադրման պայմանագիր կնքել կամ չկնքել:

Ըստ այդ հրամանի, 1-ին կարգի ծննդատունը ոչ միայն տարեկան 150 ծնունդ պետք է ունենա, այլեւ՝ մահճակալների համապատասխան քանակ, նորածինների ինտեսիվ թերապիայի ծառայություն, մանկաբարձ-գինեկոլոգիական ծառայությունների կարողություններ սանիտարահիգիենիկ հատուկ պայմաններ եւ այլն: 2018-ի վերջում, ինչպես ասաց նախարարը,  ամբողջական տվյալների հավաքագրումից հետո բոլոր ծննդատներն ունեցան, այսպես ասած՝ անձնագրեր, ըստ այդմ էլ շատերի կարգը փոխվեց.«Սա վաղուց սկսված տրամաբանական գործընթաց է, շարունակական է լինելու: Առողջապահությունը սովորական ինդուստրիա չէ, այն ծառայություն է, որի ծավալներն ուղիղ կապ ունեն որակի հետ, եւ չի կարող լինել ցանկացած ծառայություն, ցանկացած ծավալի մատուցմամբ»:

Թորոսյանն ասաց՝ Գառնիի, Ջերմուկի եւ Արագածի ծննդատները  կան, բայց գործնականում չեն աշխատում, քանի որ տարեկան ասենք՝ 1-2 ծնունդ են ունենում:

Նախարարը թվարկեց բոլոր այն ծննդատները, որոնք եւս կփակվեն, պետական պատվեր չեն ստանա: Դրանք են՝ Արծվաբերդ, Ծաղկահովիտ, Քաջարան համայնքների ծննդատները, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Եղվարդ  քաղաքի «Նաիրի» բուժկենտրոնի ծննդատունը եւ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը: Այս երկու ծննդատների փակման հարցը, նախարարը վստահեցրեց՝ կքննարկեն, հնարավոր է ժամանակ տան սահմանված չափանիշներին հասնելու համար:

Աչաջուր, Արտենի համայնքների ծննդատներն էլ չեն գործի, նախարարն ասաց՝  սրանք ծննդատներ չեն, գյուղական ամբուլատորիաներ են, որոնք վերանվանվել են առողջության կենտրոնի:

Ապա` նախարարը ներկայացրեց 2018-2019 թվականների ծնունդների թիվն այս կենտրոններում.«Միայն երկու տեղ ունեք փոքր աճ՝ Մարալիկում՝ 126-102, Եղվարդում՝ 119-136:  Աչաջուր համայնքի ծննդատանը՝ 88-79, Արտենի՝ 41-26, Ծաղկահովիտ՝ 48-63, Արծվաբերդ՝ 14-10, Քաջարան՝ 42-46»:

Հետո նախարարը մի քիչ վախեցրեց.«Պատկերացրեք ծննդատուն, որը չունի վիրահատարան ու ծննդաբերության ժամանակ կեսարյան հատման կարիք է լինում, ի՞նչ պետք է անեն: Նորից պետք է տեղափոխեն մոտակա բարձր կարգի ծննդատուն»:

Այն դժգոհություններին, թե ծննդատները փակում են, սակայն հաշվի չեն առնում մոտակա ծննդատան ու համայնքի միջեւ հեռավորությունը, ինչը խնդիր է մարզի բնակիչների համար, Թորոսյանը «google»-ի քարտեզից տվյալներ էր հանել ու այսօր հատ-հատ ներկայացրեց հեռավորությունն ու ժամանակը, ընդ որում ժամանակը դանդաղ արագությամբ շարժվելու դեպքում.«Աչաջուր-Իջեւան 17 կիլոմետր, ժամանակը՝ 19 րոպե,  ճանապարհը շատ լավն է: Եղվարդ-Աբովյան՝ 16.6 կիլոմետր, 20 րոպե, Եղվարդ-Աշտարակ՝ 15.7 կիլոմետր, 21 րոպե, Եղվարդ-Երեւան-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ 26.5 կիլոմետր, 34 րոպե: Արտենի- Թալին՝ 17,6 կիլոմետր, 34 րոպե,Արտենի-Արմավիր՝ 32 կիլոմետր, 35 րոպե: Մարալիկ-Արթիկ՝ 13.5 կիլոմետր, 20 րոպե, Մարալիկ-Գյումրու «Ախուրյան» մոր եւ մանկան կենտրոն՝ 26.5 կիլոմետր, 30 րոպե, Մարալիկ-Գյումրու Ավստրիական մոր եւ մանկան կենտրոն 32 րոպե: Քաջարանից ամենամոտ ծննդատունը  37 րոպե է, 28 կիլոմետր, իսկ Ծաղկահովիտից ամենամոտ ծննդատունը՝ 20 կիլոմետր է, 19 րոպե ժամանակ»:

Նախարարը վստահեցրեց՝ այս ծննդատների փակումը չի հակասում կառավարության՝ ծնելիության աճի խթանման քաղաքականությանը.«Ծնունդների թիվն ավելացնելու ենք պատշաճ բուժծառայություններով եւ ցանկություններն ավելացնելով»:

30-35 րոպե ժամանակահատվածը ծննդկանին մոտակա ծննդատուն տեղափոխելու համար, ըստ նախարարի, բավական է, ծննդաբերական կծկումները 10 ժամից պակաս չեն տեւում, բացի այս, ծայրահեղ դեպքում, շտապօգնության մեքենաներում կա ծնունդ ընդունելու հնարավորություն:

Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    “Հետո նախարարը մի քիչ վախեցրեց.«Պատկերացրեք ծննդատուն, որը չունի վիրահատարան ու ծննդաբերության ժամանակ կեսարյան հատման կարիք է լինում, ի՞նչ պետք է անեն: Նորից պետք է տեղափոխեն մոտակա բարձր կարգի ծննդատուն»:”
    Չի վախեցնում, այլ ռեալ պատկերացում է տալիս։ Ծննդաբերությունը այնքան անկանխատեսելի հետևանքներով լի է, որ չգիտես թե ինչով կարող է ավարտվել ։ Հերիք է այն փաստը, որ բարձր որակավորում ունեցող մասնագիտական կլինիկաներում անգամ ոչ միշտ է հաջողվում փրկել կնոջ կամ նորածնի կյանքը ։ Կարծում եմ որոշումը տեղին է։ Այլ բան է, որ գօրծը կորցրած աշխատողների համար մեծ դժվարություն է դառնում նոր տեղում աշխատանք գտնել, կապված տրանսպորտային միջոցների և խոշորացված հիվանդանոցի ղեկավարության հետ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031