Ադրբեջանը պատրաստ է նավթ մատակարարել Բելառուսին, այդ հարցով բանակցություններ եղել են, բայց հստակ որոշում չկա: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:
Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում ակնկալում են պայմանավորվածություններ ունենալ հանրապետություն նավթ ներմուծելու վերաբերյալ, որն այլընտրանք կլինի Ռուսաստանին: Նա նշել էր, որ որպես մատակարար ուսումնասիրվում է մի շարք երկրների, այդ թվում Ադրբեջանի հավանականությունը:
«Այդ հարցի վերաբերյալ բանակցություններ եղել են, սկզբունքորեն մենք պատրաստ ենք, կարող ենք մատակարարել, ինչպես և նախկինում: Մենք, ինչպես գիտեք, ունենք Аzeri-light նավթ: Բայց հստակ ոչ մի բան այդ հարցով առայժմ չկա»,- ասել է Ահմեդովը:
Այս պահին Բելառուսը նավթ գնում է միայն Ռուսաստանից: Ռուս-բելառուսական նավթագազային վեճերի ֆոնին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են նավթի այլընտրանքային աղբյուրներ գտնելու շուրջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ