Եղվարդի եւ Մարալիկի բուժկենտրոնների ծննդօգնության ծառայությունները հնարավոր է չփակվեն, հարցը կքննարկեն, եթե այս հիվանդանոցները առկա թերությունները վերացնեն: Այս մասին այսօր ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թորոսյանն ասաց՝ այսօր ասուլիսից առաջ խոսել է Կոտայքի մարզպետի հետ՝ Եղվարդի «Նաիրիի» բժշկական կենտրոնի մասին, այստեղի ծննդատունը միակն է, որ ծննդօգնության թվերը մոտ են նախարարության սահմանած տարեկան 150 ծնունդին եւ առնվազն չունի կադրային, սարքավորումների եւ ծառայությունների թերություններ.«Եվ մենք հիմա քննարկում ենք՝ արդյոք արժե այս բուժկենտրոնին եւս ինչ-որ ժամանակով մորատորիումի նման մի բան անենք, որ հասկանանք՝ 150-ին կձգե՞ն, թե՞ ոչ: Նմանատիպ բանակցություններ վարվում են նաեւ մյուսների հետ, որոնք իրականում կարող են հասնել 150 ծնունդի»:
Այսօր Եղվարդի բնակիչները բողոքի ցույց էին անում, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել էր նրանց, իսկ լրագրողների հետ զրույցում ասել՝ ամեն ինչ անելու են, որպեսզի ծննդատունը չփակվի: Մարզպետը վստահեցրել էր՝ ծնունդների թիվն ավելացել է, 119-ից դարձել է 130:
Թորոսյանը վստահեցրեց՝ 10 ծննդատան հետ նման բանակցություն չեն վարի:
Կարդացեք նաև
Մարալիկի ծննդատան փակման մասին էլ նախարարն ասաց՝ այստեղ չկա վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, չկա ինտենսիվ թերապիայի ծառայություն: Մարալիկում տարեկան 109 ծնունդ է լինում, սակայն , ըստ նախարարի, եթե նշված խնդիրները այս բուժկենտրոնը նշված խնդիրները լուծի, ապա հնարավոր է բանակցեն եւ պետպատվերի տրամադրումը շարունակվի:
Aravot.am-ի դիտարկմանը՝ արդյոք հաշվի առել են, որ հղիները նաեւ կոնսուլտացիաների պետք է գնան, ի վերջո տրանսպորտի եւ շտապօգնության խնդիր կա, Թորոսյանը պատասխանեց.«Այդ խնդիրները բոլոր մարզպետների հետ քննարկել ենք: Բոլոր տեղերում, որտեղ նախատեսվում է փակել ծննդօգնության ծառայությունը, բացի Արտենիից, ունենք շտապ բժշկական ծառայություն: Եթե նրանք դրանք պետք է հզորացնել՝ մենք պատրաստ ենք դա անել, թե՛ ֆինանսապես, եւ թե՛ մեքենաներով: Օրինակ՝ Մարալիկում կա 2 շտապօգնության բրիգադա, եւ տնօրենի հավաստմամբ՝ նրանք կարողանում են զուգահեռաբար աշխատել, եթե մեկը չի բավականացնում, մյուսն է աշխատում: Մենք պատրաստ ենք 3-րդն էլ տրամադրել, եթե կա դրա անհրաժեշտությունը»:
Ինչ վերաբերում է հղիների կոնսուլտացիաներին, նախարարն ասաց՝ պոլիկլինիկաներում կարող են անցնել, իսկ Մարալիկում կա այդ հնարավորությունը: Ճանապարհների մասին էլ Թորոսյանն ասաց՝ եթե մի համայնքում չկա տրանսպորտ, պետք չէ սպասել, որ կինը հղիանա, հետո կարիք ունենա բուժծառայության ու նոր տրանսպորտի հարցը լուծեն, բոլոր համայնքները պետք է ունենան պատշաճ տրանսպորտ:
Մարզային տարբեր հիվանդանոցների մեկ տասնյակին մոտ ծննդօգնության ծառայություններ պետք է փակվեն, բայց նախարարությունը պատրաստ է ժամանակ տրամադրել. Եթե հիվանդանոցները կարողանան համալրել բուժանձնակազմն ու համապատասխան ծառայությունները, ապա ֆինանսավորումը կշարունակվի եւ դրանք չեն փակվի:
Նախարարը վստահեցրեց՝ փակվող ծննդօգնության ծառայությունների աշխատակիցները անգործ չեն մնա, նրանք գրեթե բոլորը զուգահեռ այլ բուժհաստատությունում էլ են աշխատում:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ