Ծննդատների փակումը՝ խնդիրների լուծում թե՞ ստեղծում
2020 թվականի առաջին աշխատանքային շաբաթը սկսվեց ՀՀ մի շարք համայնքներում սկիզբ առած բողոքի ակցիաներով: Ավելին՝ այդ համայնքներից Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչները փակեցին նույնիսկ Երևան-Գյումրի հանրապետական նշանակության միջհամայնքային ճանապարհը: ՀՀ թվով 3 համայնքներում, որոնք են Մարալիկը, Եղվարդը և Աչաջուրը, բողոքի ակցիաները ուղղված էին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կայացրած համապատասխան որոշումների դեմ: Համաձայն այդ որոշումներից մեկի՝ հունվարի 1-ից «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդատան ծառայությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի արդյունքում փակվում է առողջապահական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը: Դրա հետևանքով առողջապահական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի 16 աշխատակից գործազուրկ է դառնում, իսկ հղիները պետք է դիմեն մարզկենտրոն՝ Գյումրի: Հարցը ավելի մտահոգիչ է դառնում նրանով, որ «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ առողջապահական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը ներկայումս սպասարկում է Շիրակի մարզի Անի համայնքը, որը խոշորացված համայնք է՝ բաղկացած 17 բնակավայրից, որոնք ունեն ընդհանուր առմամբ 80-90 կիլոմետր ձգվածություն և 23500 բնակիչ:
Այս հարցի շուրջ առողջապահության նախարարության տարած պարզաբանման մեջ նշվում է. «Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։
Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունն արդարացված չէ ծախս-արդյունավետության և, թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։
Կարդացեք նաև
Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:
Բացի դրանից ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչն ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։
Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։
Հավելենք նաև, որ սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով»։
Տարօրինակ է, որ նախարարությունը ոլորտում առկա խնդիրները լուծում է հիվանդանոցներ փակելով, այլ ոչ թե խթանելով տեղերում այդքան կարևոր և, ինչու չէ ռազմավարական նշանակություն ունեցող սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը: Այսինքն, այս դեպքում կարելի է ասել՝ չկա ծննդատուն, չկա խնդիր: Այս մոտեցումը հեռու է պետական մտածելակերպից և բնակչության բնական աճի խթանման արդյունավետ քաղաքականության սկզբունքից:
Այդ նույն ճակատագրին են արժանացել համապատասխանաբար Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատունը, որտեղ 2019 թվականին գրանցվել է 136 ծնունդ և Տավուշի մարզի խոշորագույն համայնքներից մեկի՝ Աչաջրի ծննդատունը:
Ամփոփելով վերը նշված՝ կարելի է եզրահանգել, որ եթե պատկան մարմինները բնակչության բնական աճի ապահովման հիմնախնդիրը դիտում են «ծախս-արդյունավետություն» շուկայական սկզբունքով, ապա միանշանակ է, որ 2050-ին Հայաստանի Հանրապետությունում հինգ միլիոն բնակիչ ունենալու նպատակը ունի զուտ ձևական բնույթ:
Միևնույն ժամանակ հայտնում, որ սույն թվականի հունվարի 13-ին պաշտոնական գրրությամբ, վերոնշյալ խնդրով դիմել եմ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆ
ԲՀԿ կուսակցության փոխնախագահ