Երեւանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի թվով 24 երեխաները ստիպված են լինելու այլ մանկապարտեզներ հաճախել։
Ծնողներն ասում են՝ փաստի առաջ են կանգնել, մանկապարտեզն այլևս ֆինանսավորում չունի։
Մանկապարտեզի ֆինանասավորման նպատակահարմարությունը որոշում է Երևանի քաղաքապետարանը, ֆինանսավորումը նախորդ տարի իրականացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծնողներից Ստելլա Միրզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, հունվարի 8-ին, երբ երեխաներին տարել են մանկապարտեզ, տնօրենն ասել է, որ չեն կարող երեխաներին թողնել մանկապարտեզում, քանի որ երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետներն ազատվել են աշխատանքից։
Կարդացեք նաև
«Մեր հարցին, թե մեր երեխաները կարո՞ղ են արդյոք այլ խմբերում ներառվել, մինչ հարցը քաղաքապետարանի հետ կլուծվի, տնօրենը պատասխանեց՝ մենք տեղ չունենք, գնացեք ուրիշ մանկապարտեզ։ Մենք ծնողներով փաստի առաջ ենք կանգնել, որ տարին սկսել է, մեր երեխաների թե՛ անհատական, թե՛ ներառական առանձին ծրագրերն ընդհատվեց, ու չենք կարողանում այս հարցին լուծում գտնել»։
Հակառակ պնդումների, թե ծնողները պատշաճ իրազեկված են եղել, որ խումբը փակվելու է, կինն ասում է՝ իրենք տեղյակ չեն եղել այդ մասին․
«Ես իմ բալիկին հոկտեմբերին եմ բերել մանկապարտեզ, մանկապարտեզն է կանչել, քանի որ հերթագրված էի և հերթս հասել էր, ընդունվելուց ինձ ոչ ոք չի զգուշացրել, որ քո բալիկը գալու է մինչև դեկտեմբերի վերջ։ Այն դեպքում, եթե իմանայի, ես գուցե մտածեի՝ արդյոք արժե՞ իմ բալիկին հոգեբանական այդպիսի մի խնդրի առաջ կանգնեցնել, 3 ամիս ներառվի մի խմբում, 3 ամիս հետո ես մտածեմ իրեն մեկ ուրիշ պարտեզում մեկ ուրիշ խմբում տեղավորելու մասին»։
Մեկ այլ ծնող Գոհար Միքայելյանը ևս պնդում է, որ տեղեկացված չեն եղել։ Ծնողի խոսքով՝ այս մանկապարտեզը միակն է, որ համապատասխանեցված է ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։
Մանկապարտեզի հատուկ խմբի հոգեբան Անի Կարապետյանը, սակայն, նշում է, որ վաղուց տեղյակ են եղել, որ հատուկ խումբը հնարավոր է լուծարվի, քանի որ եղել են մի շարք ֆինանսական խնդիրներ, նույնիսկ ամիս է եղել, որ աշխատողները մինիմալից ցածր աշխատավարձ են ստացել, փակման օրը, սակայն, հստակ չի նշվել․
«Ինչպես հասկացա՝ տնօրենն ինքն էլ տեղյակ չի եղել, քաղաքապետարանից անորոշ են պատասխան տվել, թե հունվարի 8-ից մանկապարտեզը պետք է փակվի թե ոչ։ Մենք ունեցել ենք աշխատանքի ժամանակավոր պայմանագրեր եւ չենք իմացել՝ հունվարի 8-ից մեզ հետ նոր պայմանագրեր կնքվելու են, թե ոչ։ Իհարկե, բոլորը ուզում են, որ ծրագիրը շարունակվի, քանի որ սա ունիկալ ծրագիր է, և միակն հնարավորությունն է ներառական կրթության մեջ ներառվելու ոչ պատրաստ երեխային ներառելու 30-հոգանց խմբի մեջ։ Այդ պրակտիկան շատ լավ գործել է մանկապարտեզում, որ նախաներազականից բազմաթիվ երեխաներ տեղափոխվել են ներառական հատված, այնինչ եթե չլիներ նախաներառական հատվածը, այդ երեխաները ներառման հնարավորություն գուցե չունենային»,- ասում է նա։
Անի Կարապետյանը շեշտում է, որ հատուկ խումբ չհաճախելը բացասական ազդեցություն է թողում երեխաների վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: