Այսօր ՊՆ-ում նախարար Դավիթ Տոնոյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել է նախարարությունում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումների օրակարգը, ՀՀ ներքին ու արտաքին մարտահրավերների հետ կապված հարցեր: Մոտ երեք ժամ տեւած հանդիպման հարցերի շրջանակը, քննարկվող թեմաները, ըստ Մարուքյանի, փակ գաղտնի ռեժիմով են, կապված ՀՀ անվտանգության խնդիրների հետ, այդ պատճառով հրապարակման ենթակա շատ տեղեկատվություն չկա:
Նա հանդիպումից հետո լրագրողներին ասաց՝ հրատապ որեւէ անհանգստացնող հարց չկա, ամեն ինչ իր ընթացքի մեջ է, տարին նոր է սկսել. « Բոլորս այնպես պետք է անենք, որ ուժեղ լինենք»:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի տեղեկությունը, թե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջման փորձ է կազմակերպել՝ Էդմոն Մարուքյանը հարցով պատասխանեց. «Դա ե՞րբ է շրջանառվել, ո՞վ է ասել, երե՞կ, իմ ծնունդն է եղել, հանդիպել ենք ոստիկանապետին, դրանից հետո տեղեկություն չունեմ, եթե նման հայտարարություն է արվում, դա նշանակում է, որ պետք է լիներ այդ հիմքերով հարուցված քրեական գործ, ես՝ որպես իրավաբան եմ ասում: Չգիտեմ՝ ով է ասել»:
Անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը՝ Արթուր Վանեցյանի, Միքայել Մինասյանի ու Արա Սաղաթելյանի կապին ու գործունեությանը վերաբերող, Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Ես այդ հոդվածի մեջ չեմ մտնելու, նախկինում երկու մտերիմ հարաբերությունների քննարկում է, ոչ մեկի ընտանիքի, անձանց հարաբերությունների մեջ չեմ մտնելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ