«Անկեղծ ասած՝ Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը չեմ նայել, բայց ՊՈԱԿ-ը վարկաբեկելու նպատակ չի ունեցել, երբեք էլ չունի»,- Aravot.am-ի հարցին՝ ընդունո՞ւմ եք «Փաստերի ստուգման հարթակի» պահանջն ուղղված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ չվարկաբեկել բարեխիղճ լրատվամիջոցներին, այսպես պատասխանեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» (infocheck.am) հունվարի 11-ին արձագանքել էր FIP.am-ի «2019-ին բանակում զոհերի «պատմական մինիմում» չի արձանագրվել. Նիկոլ Փաշինյանը սխալ է» վերնագրով հոդվածին՝ վստահեցնելով, որ բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, իսկ FIP.am-ի տվյալները հակասում են իրար:
Հունվարի 14-ին Փաստերի ստուգման հարթակի խմբագրությունը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» այդպիսով, ըստ էության, ապակողմնորոշել է ընթերցողներին և լրագրողներին, և հորդոր հնչեց չվարկաբեկել բարեխիղճ լրատվամիջոցներին:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հարցազրույցներից մեկում այս առիթով կարծիք հայտնեց. «Փաստերի առումով չեն հերքում, մյուս կողմից ընդհանրապես fip.am-ը իր թվերը չունի. դատախազության, ՀՔԱՎ-ի թվերն են: Այդ տեղեկատվության ստուգման կենտրոնը ի՞նչ է՝ «ճշտի նախարարությո՞ւն» է: Պետական կառավարման համակարգի մի սուբյեկտ է, որը համարում է, որ ինքն է որոշում՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, ո՞նց են որոշում՝ ինչը հերքել… եթե իրենք իշխանության ջեբի լրատվամիջոց են, հարց չկա, իշխանությունը կարող է ունենալ իր լրատվամիջոցը, բայց ոչ հանրային միջոցների հաշվին: Թող գնան հասարակությանը բացատրեն կառավարության մոտեցումները, ոչ թե «ճշտի նախարարություն» բացեն»:
Կարդացեք նաև
Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրեց՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը ստեղծվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում, դրա նպատակը կեղծ լուրերին հակազդելն է, և infocheck.am կայքում տարբեր հոդվածներ են դրվում տարբեր ժամանակահատվածներում ապատեղեկատվության մասին և հերքումներն են դրվում նաև այս կայքում: Դա կեղծ լրատվության դեմ պայքարելու համար է. «Այս ստորաբաժանման իմաստը դա է և այս ստորաբաժանումը որևէ կերպ վարկաբեկելու գործառույթ չունի»:
Անդրադառնալով իրենց կառույցը կառավարության գրպանի լրատվամիջոց որակելուն՝ Հովհաննես Մովսիսյանն ասաց. «Կարծում եմ, իհարկե, վիրավորական է գրպանի լրատվամիջոց ասվածը, քանի որ տրամաբանությունը չեմ հասկանում նման բան ասելու: Իր գործառույթները լրիվ տարբեր են: Դա նաև մեր կանոնադրությունում է գրված: Իսկ մեր կառույցը շարժվում է իր կանոնադրությամբ»:
Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ fip.am-ի հոդվածի հերքման պատմությանը բոլոր նրբերանգներով ծանոթ չէ, որ այս պահին ուղիղ պատասխանի, բայց հավաստիացրեց՝ հոդվածը գրվել է, որտեղ գրված է՝ ինչի մասին է: Ու նշեց՝ այդ հոդվածները համադրելով՝ կարելի է այդ պատասխանը գտնել:
Իր պաշտոնանկության լուրերը Հովհաննես Մովսիսյանը հերքեց՝ նշելով, որ դա անում է արդեն մեկուկես տարի: Դիտարկմանը՝ պնդումներ կան, որ Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը տապալել է աշխատանքները և հարցին՝ արդյոք ինքը գո՞հ է կառույցի աշխատանքից, Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց. «Պետք է մեր վերադաս մարմնին հարցնեք: Բայց ես կարծում եմ, որ կենտրոնն իր առաջ դրված խնդիրները շատ ճիշտ իրականացնում է, և եթե ինչ-որ մեկը խնդիրներ է տեսնում, թող ավելի փաստարկված բարձրաձայնի, քանի որ մինչև այս պահը ես որևէ փաստարկված բան չեմ տեսել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ