Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպան. «Դեռեւս 2018թ.-ին դատարանի դիմաց մեկը սպառնում էր սպանել փաստաբաններին»

Հունվար 14,2020 15:31

«Եթե դատարանն իր գործողություններով ցույց չտա, որ նման միջադեպը դահլիճում այսուհետեւ անհնարին է լինելու, կմտածենք՝ մենք ինչ անենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք՝ այսօր նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր եկել՝ պատճառաբանելով իր քայլն այն հանգամանքով, որ դատարանը պատշաճ չի արձագանքել նախորդ նիստում Մարտի մեկի տուժողներից մեկի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե՝ «հարգեք Մարտի մեկը, այլապես դուք էլ կընկնեք մեր օրին»: Պաշտպանը դա իրենց հասցեին սպառնալիք է համարել, մինչդեռ դատավոր Աննա Դանիբեկյանը դրա հետ համաձայն չէր:

https://www.facebook.com/aravot.am/videos/570967320150872/

«Դատարանը պետք է ապահովի դատավարության բնականոն ընթացքը: Վերջին անգամները տեղի ունեցածը բնականոն չէ, դատարանն իր դերում չէ: Այնուամենայնիվ՝ հուսանք, որ դատարանն ամեն ինչ կանի, որ նման բան չկրկնվի»,-համոզմունք հայտնեց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ իրենց մտահոգում է նիստերի դահլիճում սպառնալիք հնչեցնելու փաստը. «Մտահոգիչ է, որ դատարանն անտարբեր է դրա հանդեպ»: Հարցին՝ «եթե գտնում եք, որ սպառնալիք է, ինչո՞ւ չեք դիմում իրավապահներին», Հայկ Ալումյանը պատասխանեց, որ դեռեւս 2018թ.-ին է դիմել իրավապահներին, երբ օգոստոսին նույն գործի շրջանակում Վերաքննիչ դատարանի դիմաց՝ հավաքված բազմության, ոստիկանների եւ ԶԼՄ-ների ներկայությամբ, մի քաղաքացի սպառնում էր փաստաբաններին սպանել:

«Նկարագրում էր մանրամասն, թե ինչպես է պետք փաստաբաններին սպանել… դիմեցի ոստիկանություն, տեսանյութը ներկայացրի, եւ մինչեւ այսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, թեեւ գործը հարուցված է: Սա գործը քնացնելու լավագույն տարբերակն է»,- հավելեց Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ պաշտպան` Ռուբեն Սահակյանը եւս համոզմունք հայտնեց, որ տուժողի իրավահաջորդի նշյալ արտահայտությունը սպառնալիք է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031