Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ պատգամավորները «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու նախագիծ էին բերել: Ինչպես ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց, առաջարկում են ամրագրել, որ մարդը, եթե ուզում է իր իրավունքների պաշտպանությունը կապել իր համար վստահելի մարդու հետ, պարտադիր չի, որ անպայման փաստաբանի լիցենզիա ունենա:
Հանձնաժողովի նիստում երկարատեւ բուռն քննարկում եղավ, Գեւորգ Պետրոսյանը վիճեց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Բաղդասարյանն ասաց, որ նախատեսվում է` երկու կողմերն էլ հավասար իրավունքներով ներկայացված լինեն դատարանում, եթե այս օրենքն ընդունվի, հավասար իրավունքների մոտեցումը կորում է, փաստաբանը վարքագծի կանոնների է ենթարկվում, իսկ ոչ փաստաբանը չի ենթարկվում այդ կանոններին, ստացվում է, որ փաստաբանն ավելի վատ իրավիճակում է հայտնվում դատարանում: Նա Պետրոսյանին ասաց, որ շատ լավ հասկանում է հարցը, բայց չունի պատասխան, դրա համար էլ իր հարցին չի պատասխանում:
Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ես էս կյանքում երկու հարց կա, որի պատասխանը չունեմ, մեկը՝ ինչո՞ւ է աղմկում գետը, մյուսը՝ ի՞նչ են հուշում աստղերը»:
Հետո նա դիմեց Բաղդասարյանին. «Դուք փաստաբան եք, ո՞նց կարող եք այդպիսի բան ասել: Էդ ձեզ ո՞վ է ասել… Այսինքն, ես եթե փաստաբան չեմ որպես ներկայացուցիչ, ես դատարանում ինչ ուզեմ՝ կարամ անե՞մ, պոլի փետը վերցնեմ, տամ դատավորի գլխի՞ն: Նա ենթարկվում է դատավարական կանոններին, ձեզ ո՞վ է ասել, որ եթե ես փաստաբան չեմ դատարանում, ուրեմն կարող եմ կատաղած ինչ-որ մեկը լինել… Եկեք մենք չվերադառնանք առաջին կուրսի մակարդակի եւ լուրջ վերաբերվենք նախագծերին»: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ փաստաբանը մուտքի վճար է տալիս, որ փաստաբան դառնա, վճարի ուսման համար մասնակցի վերապատրաստման դասերի, արտոնագիր ստանալիս վճարի, ենթարկվի վարքագծի կանոններին, եթե բողոք է լինում իր վրա, գա մասնակցի այդ նիստին, իսկ ոչ փաստաբանը նման կանոնների չի ենթարկվում:
Կարդացեք նաև
Բանավեճից հետո Գեւորգ Պետրոսյանը հանկարծակի բարկացած վեր կացավ տեղից, ասաց՝ «Սա ոնց որ ձեռառնոցի ա, քաղաքացիական դատավարությունից հարց ենք բերում, շուռ են տալիս քրեական»: Սա ասելով՝ նա դուրս եկավ հանձնաժողովի նիստերի սենյակից՝ թողնելով իր հարցն առկախված: Նիստը վարող, հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ասաց. «Պարոն Բաղդասարյան, ձեր արածը ձեր դուրն եկա՞վ»: Նիկոլայ Բաղդասարյանն էլ արձագանքեց. «Ինքը տեղ ունի գնալու, դա է պատճառը, իմ ելույթը չի»: Ստիպված հայտարարեցին ընդմիջում մեկ ժամ, քանի որ չէին կարող առանց հեղինակի քննարկել նախագիծը: Ավելի ուշ Պետրոսյանը, ինչպես արդեն հայտնել ենք, հետաձգեց իր նախագիծը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ