Ագրարային համալսարանը 2020-ին շարունակելու է ՀՀ կառավարության եւ արտերկրի իր գործընկերների աջակցությամբ իրականացնել հավակնոտ նոր նախագծեր: Այս մասին հունվարի 14-ին հրավիրած ասուլիսում խոսեց ՀԱԱՀ ռեկտոր, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Վարդան Ուռուտյանը:
2020-ին՝ Ագրարային համալսարանի հիմնադրման 90-ամյակի տարում կմեկնարկի «Հայաստանում մրգերի արտադրության ոլորտի զարգացման նախագիծը (ՖՐՈՒԹԵՆԻԱ)», որի նպատակն է ՀԱԱՀ-ի ագրոնոմիական մասնագիտությունների ուսումնական պլանների արդիականացումը՝ ներառելով պտղաբուծության զարգացման արդիական, հարակայուն մոտեցումներ ու հայեցակարգեր:
Իսկ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը մեծապես կնպաստի ոլորտի արդիականացմանը եւ մրցունակ մասնագետների պատրաստմանը:
Առաջիկայում մեկնարկելիք ծրագրերից են՝ Ագրոճարտարագիտական լաբորատորիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում «խելացի» անասնաշենքի կառուցումը, կանաչ կերի հիդրոպոնիկ արտադրությունը եւ Կաթնամթերքի վարպետաց դպրոցի հիմնումը, Ապարանում գյուղատնտեսական քոլեջի կառուցումը, Վանաձորում գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումը, Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի ստեղծումը եւ համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տարածքում ժամանակակից անտառային ջերմատնային տնկարանի հիմնումը:
Սպասվող հետաքրքիր ծրագրերից է համալսարանի գինեդարանի ավելի քան 100-ամյա եզակի կառույցը գինու տուրիզմի եւ ուսումնական կենտրոնի ժամանակակից կառույցի վերափոխելու նախագիծը: Գինեդարանում կստեղծվի նաեւ գինու պատմության թանգարան:
Կառուցված լաբորատորիաներին կավելանան սննդի անվտանգության եւ օրգանական գյուղատնտեսության լաբորատորիաները:
Կարդացեք նաև
ՀԱԱՀ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ