Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ «Փաստաբաններ կան, փողերը մարդկանցից վերցնում են, ամիսներով դառնում են փախստական, Խաչատուր Աբովյան»

Հունվար 14,2020 15:20

ԲՀԿ պատգամավորները Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկում են լրացում կատարել ու ամրագրել, որ մարդը, եթե ուզում է իր իրավունքների պաշտպանությունը կապել իր համար վստահելի մարդու հետ, պարտադիր չի, որ անպայման փաստաբանի արտոնագիր ունենա: Միայն կարող են ամրագրել՝ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող այն գործունակ քաղաքացին, ով ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ գործը դատարանում վարելու՝ օրենքով սահմանված պատշաճ ձեւակերպված լիազորություն, կարող է դա անել:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ եթե մարդն ասում է՝ ես քեզ եմ վստահում, ուզում եմ դու ներկայացնես իմ շահերը դատարանում, ինչո՞ւ պիտի նրան զրկել դրանից. «Փաստաբան ունենք՝ ձայնի ուղղությամբ մենակ գլուխ է շարժում, օրվա մեջ 30 գործ է վարում, գալիս է դատարան, ասում է՝ էսօր ի՞նչ գործով էի եկել»:

Հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանն ասաց, որ փաստաբանի արտոնագիր չունեցող անձինք մարդկանց շահերը կներկայացնեն, եկամուտ կստանան ու բյուջե չեն մուտքագրի. «Կթաքցնեն իրենց եկամուտները, սեւ շուկայով փող կվերցնեն մարդկանցից»:

Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Էսօր փաստաբաններ կան, որոնք առերեւույթ, ձեւականորեն գումար չեն վերցնում, պայմանագրում չեն գրում վճարի մասին, որ հարկ չմուծեն: Դա ոչ փաստաբանի դեպքում է ապացուցվող, ոչ էլ ոչ փաստաբանի: Նախագծի նպատակն այն է, որ անձը իրավունք ունենա ինքն իր ռիսկով ընտրել իր շահերի ներկայացուցչի: Ես ուզում եմ դրվագ հիշեցնել արմենտելյան իմ հերոսամարտերից, ներկայացնում էի ԱրմենՏելի շահերը, աշխատանքից ազատել էին հարյուրավոր աշխատողների՝ առողջության վիճակի անհամապատասխանության հիմքով: Գիտե՞ք ինչ էր եղել, երբ ռուսները հույներից «ԱրմենՏելը» գնեցին, ասեցին՝ բոլոր աշխատողներին կանչեք բժշկական զննության: Էս մարդիկ էլ, մտածելով որ իբր ԱրմենՏելի նոր ղեկավարությունն ուզում է ձրի բուժի, ով վախտին ինչ հիվանդություն ուներ՝ բռնել գրել էր: Հետո ինձ ասեցին՝ դե որին ինչ հակացուցված է՝ ազատեք գործից: Դատարանում փաստաբանին հարցնում եմ՝ պնդո՞ւմ եք, որ բժշկական եզրակացությունը կեղծ է, պիտի ասի այո, որ փորձաքննություն նշանակվի, տանեն էդ մարդկանց ստուգեն, էդ ազատումը դառնա անօրինական, ասում է՝ ոչ: Ասի՝ ընկեր ջան, քո գլուխը մենակ նրա համար ա, որ դեմդ փոս չընկնես, այսինքն, ֆանառի ֆունկցիա է իրականացնում: Հիմա էդպիսի փաստաբանը, որը փաստաբանի վկայական ունի, ինչո՞վ է ավել էն մարդուց, որն իրականում մասնագետ է ու կարող է պատշաճ ներկայացնել շահը…Այստեղ կա նաեւ ուրիշ խնդիր, որ կարողանան այնպես անել, որ անձանց շահերը ներկայացնելը դառնա փաստաբանի մենաշնորհ: Որոշ մարդիկ փաստաբանի արտոնագիր ունեն, բայց որ տեսնեք իրենք ոնց են մասնակցում դատավարությանը, ոն որ ես՝ Պաղեստինի ազգային ազատագրական շարժմանը, այսինքն, ոչ մի բանով չեն նպաստում շահերի պաշտպանությանը: Շատերը մարդկանցից փողերը վերցնում են, ամիսներով, տարիներով դառնում են փախստական, Խաչատուր Աբովյան»:

Ի վերջո, հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ինքն էլ որոշ գաղափարներ ունի ու կարող են վերանայել, վերամշակել նախագիծը, ուստի Գեւորգ Պետրոսյանը համաձայնեց երկու ամսով հետաձգել իր նախագիծը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031