Համաեվրոպական Arte հեռուստաալիքի «Հայաստանի անտառապահը. Պայքար ապօրինի անտառահատման դեմ» վավերագրական ֆիլմը Դիլիջանում ապօրինի անտառահատումների և դրանց դեմ պայքարի մասին է։ Գերմանական նկարահանող թիմը մեկ շաբաթ անցկացրել է Հայաստանում՝ փորձելով հասկանալ Դիլիջանում ապօրինի անտառահատումների խնդիրը և դրա դեմ պայքարը։
Ֆիլմում ներկայացված են «Բնապահպանի տուն» նախաձեռնության և նրա ղեկավար Գոռ Հովհաննիսյանի աշխատանքները։ Թե ինչպես են նրանք կազմակերպում իրենց աշխատանքները, ինչպես են իրականացնում անտառների հսկողությունը և թե ինչպես են աշխատում պետական մարմինների հետ։ Նաև անդրադարձ է կատարվում Դիլիջան ազգային պարկի աշխատանքներին, նկարահանումներ են կատարվել նաև ազգային պարկի տարածքում։
Նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը ֆիլմի ընթացքում հանդիպում է Դիլիջան ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանին և ներկայացնում իր մտահոգությունները։ Սուրեն Աղաջանյանը իր հերթին պնդում է, որ հեղափոխությունից հետո անտառը փրկվել է և մեծ անտառահատումներ այլևս չկան, և Գոռ Հովհաննիսյանը անելիք չունի և կարող է իրեն փորձել տուրիզմի ոլորտում։
Ֆիլմի նկարահանումները կատարվել են նաև Հաղարծինում։ Հաղարծինում է ապրում Թամրազյանների ընտանիքը, որը իրենց տունը ջեռուցում է փայտով։ Ընտանիքը ունի ավանակ, որի օգնությամբ էլ անտառում հավաքած թափուկը բերում են տուն և պատրաստվում ձմռանը։
Կարդացեք նաև
Նկարահանումների ընթացքում թիմը հանդիպում է նաև անտառահատման դեպքի։ Անտառահատում կատարողները, տեսնելով շարժը, փախնում են՝ թողնելով մեքենան և փայտը։
Ֆիլմը հասանելի է ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ Այն կհեռարձակվի հունվարի 14-ին։