Այսօր Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն 2019 թվականի ամփոփիչ ասուլիսում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ կանցնի Վրաստանին եւ Ադրբեջանին, նաեւ պատասխանելով Վրաստանի պաշտոնյաների արձագանքին ասաց, որ այո վիճակագրական որոշ խնդիրներ կան, որոնք մեթոդաբանական են. «Ես կթողնեի, որ Վիճակագրական կոմիտեի մեթոդաբանները պարզաբանեին: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնք պայմանավորված են մասնավորապես՝ այնպիսի միջազգային կազմակերպություններով, որոնք նաեւ մեթոդաբանություն են հուշում հետեւորդ երկրներին»:
Ըստ նախարարի. «Հայաստանը, Վրաստանը, եւ Ադրբեջանն այսօրվա դրությամբ այն երկրների շարքում են, որոնք 2019 թվականը հավանական է, որ ամփոփեն 4600-4700 դոլար՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով: Կարծում եմ, որ Հայաստանում դա կլինի մոտ 4650 դոլար: Թե ինչու են մեր հարեւաններն արձագանքում տարբեր կերպ՝ մեկնաբանել չեմ կարող: Երեւի յուրաքանչյուրի համար էլ կարեւոր է, որ առաջինն ինքը լինի: Եվ, եթե այլ դեպքերում, ստացվում է այնպես, որ առաջինը լինում է ենթադրենք մեր հարեւաններից մեկը, ուրեմն՝ այդպես է, եթե մենք ենք՝ ուրեմն՝ մենք ենք: այդտեղ մեկնաբանելու առանձնապես մեծ խնդիր չեմ տեսնում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ