Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանված հարազատ ունենալու» սպառնալիք. ինչո՞ւ չկայացավ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը

Հունվար 14,2020 14:28

Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, նույն ժամանակահատվածում Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, եւ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր ստացվել էր Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը, որով նա դատարանին հայտնել է՝ նիստին չի ներկայանալու:

Որպես պատճառաբանություն, հիշեցնելով նախորդ նիստում կատարվածը, երբ հայտարարությամբ հանդես եկել էր Մարտի 1-ի տուժողներից մեկի իրավահաջորդը ու մեղադրյալների պաշտպաններին կոչ արել հարգել Մարտի 1-ը, Միհրան Պողոսյանը վկայակոչել էր հետեւյալը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի կողմից չի ապահովվում մրցակցության սկզբունքը, պաշտպանության կողմը գտնվում է՝ խիստ անբարենպաստ պայմաներում, երբ փաստաբանների հասցեին «սպանված հարազատ ունենալու» սպառնալիքի վերաբերյալ դատարանի կողմից որեւէ գործողություն չի իրականացվում, պաշտպանության կողմը զրկվում է պաշտպանություն իրականացնելու իրական ու ողջամիտ հնարավորությունից, ուստի չեմ ներկայանալու դատական նիստին՝ հայցելով նրանց ներողամտությունը, ովքեր այս գործի քննության ընթացքում ցուցաբերել են պատշաճ վարքագիծ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/864200650675247/

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ նախորդ նիստի ավարտից հետո նիստի արձանագրությունն ուսումնասիրվել է, եւ որեւէ արտահայտություն եւ սպառնալիք՝ կապված սպանված հարազատ ունենալու հանգամանքի հետ, չի արձանագրվել. «Այդ պատճառով դատարանը հիմքեր չունի ասելու, որ պաշտպանության կողմի հասցեին սպառնալիք է թույլ տրվել»:

Դատավորի արձագանքը չգոհացրեց մեղադրյալների պաշտպաններին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, հայտարարեց. «Եթե համարում եք, որ այդ արտահայտությունը սպառնալիք չէ, ենթադրում եմ, որ նման արտահայտություն հանգիստ թույլ կտաք նաեւ ձեր նկատմամբ»:

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ ասաց՝ դատավորը չմեջբերեց Միհրան Պողոսյանի դիմումի այն հատվածը, որում նա նշել էր Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի՝ իրենց ուղղված արտահայտությունն ամբողջությամբ՝ «Փաստաբանների կողմից խոսք գնաց, որ տուժողների իրավահաջորդներն իրենց կարող են վատ զգալ: Ուզում եմ հարցնել փաստաբաններին, եթե մեր տեղը լինեին, իրենց լավ կզգայի՞ն: Թող հարգեն մարտի 1-ը եւ չփորձեն այլ ելույթներ-երեւույթներ (խոսափողից ասվածը հստակ չի լսվել.-խմբ.) պատկերացնել, թե չէ՝ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը պատասխանեց, որ Միհրան Պողոսյանն ինքը կարող էր ներկայանալ եւ հրապարակել իր դիմումը:

https://www.facebook.com/aravot.am/videos/1836734443125688/

Ինչ վերաբերում է Միհրան Պողոսյանի բացակայությանը, դատարանը դիմեց Յուրի Խաչատուրովին՝ հարցնելով՝ կա՞ մեկ այլ պաշտպան, որն այդ պահին կարող է ներկայանալ, քանի որ առանց պաշտպանի ներկայության՝ նիստը չի կարող շարունակվել: Խաչատուրովը պատասխանեց՝ իր պաշտպանն իրեն լիովին բավարարում է, եւ նրան փոխարինելու մտադրություն չունի:

Դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրեց, որ, փաստորեն, այլ պաշտպան չկա: Նա նշեց, որ երեք դատական նիստ անընդմեջ Միհրան Պողոսյանի չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի Խաչատուրովին առաջարկելու ունենալ այլ պաշտպան, իսկ հրաժարվելու դեպքում՝ նշանակել հանրային պաշտպան:

Գործով մեղադրող-դատախազները Միհրան Պողոսյանի քայլը ցուցադրական արարք որակեցին ու ասացին, որ չեն ընդունում նրա հայցած ներողությունը, քանի որ առանց հիմնավորման բացակայում է: Նիստն այսքանով հետաձգվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարներում՝ Յուրի Խաչատուրովն ու թարգմանիչը, Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031