Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». Արարատ Միրզոյանն ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա չի դարձրել և պատշաճ գնահատական չի տվել «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ արված խնդրահարույց արտահայտություններին

Հունվար 14,2020 13:49

Հաղորդում պետական բարձրագույն օրենսդիր մարմնի անգործունեության մասին

2019 թ. հոկտեմբերի 25-ին, ի պատասխան ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած անպատեհ արտահայտությունների, պաշտոնական նամակով դիմեցինք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել և պատշաճ գնահատական տալ «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ արված խնդրահարույց արտահայտություններին:

Հոկտեմբերի 25-ից մինչ այսօր որևէ պատասխան չենք ստացել, թեև մեզ պարտավոր էին պատասխանել: Մեկ ամիս անց վերստին դիմել ենք ԱԺ նամակների բաժին, երկրորդ անգամ նույն նամակը վերահասցեագրել ԱԺ նախագահին, այնտեղից մեզ վստահեցրել են, որ նամակները մուտքագրվել են և փոխանցվել հասցեատիրոջը:

Արդեն գրեթե երեք ամիս է անցել, սակայն ԱԺ նախագահը, ի խախտումն ԱԺ կանոնակարգի, լռում է: Այս լռությունը, ցավոք, կարող է բացատրվել միայն անպատասխանատու վերաբերմունքով: Պետության բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարության նման գործելաոճն անընդունելի է, այն բնավ հարիր չէ մեր և գործող իշխանությունների կողմից հռչակված Նոր Հայաստանի ժողովրդավարական և իրավական կառավարման սկզբունքներին:

ԱԺ-ը նախագահի կողմից մեր դիմումն անարձագանք թողնելը համարում ենք պետական մարմնի կողմից անգործունեության միտումնավոր դրսևորում: Նշենք, որ համանման բովանդակությամբ նամակ հղել էինք նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը՝ ճշտելու, թե ՔՊ վարչության հիմնադիր անդամի տեսակետն արտահայտո՞ւմ է կուսակցության ընդհանուր դիրքորոշումը, թե՝ ոչ, բայց վերստին մնացինք անպատասխան: Եթե առանձին, թեկուզ և իշխող կուսակցության նման գործելակերպը կարող ենք համարել ոչ կառուցողական և ոչ գործընկերային գաղափարակից ուժերի հանդեպ, ապա ԱԺ նախագահի վարքագիծն ակներև հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Մեր բարձրացրած խնդիրը չի վերաբերում սոսկ «Ժառանգություն» կուսակցությանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանի անձին, այլ իրավական, ժողովրդավարական պետության կայացման անշրջելիությանը. հասարակության առջև հաշվետու լինելը և պատասխանատվություն ստանձնելը, ՀՀ օրենսդրությունը հարգելը ժողովրդավարական կառավարման կարևորագույն հիմնաքարերն են: Ուստի դրանց հակասող ցանկացած այլ վարքագիծ, ում կողմից էլ ցուցաբերվի, պետք է դառնա համընդհանուր դատապարտման առարկա:

Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ սկսել ծառայողական քննություն տեղի ունեցածի պատճառները բացահայտելու, օրենքը հարգելու և, վերջապես, մեր դիմումի պատասխանը մեզ ուղարկելու համար:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031