Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստերի ստուգման հարթակը» պահանջում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը գործում է հանրային միջոցների հաշվին, չվարկաբեկել բարեխիղճ լրատվամիջոցներին

Հունվար 14,2020 13:34

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» (infocheck.am) հունվարի 11-ին արձագանքել է FIP.am-ի «2019-ին բանակում զոհերի «պատմական մինիմում» չի արձանագրվել. Նիկոլ Փաշինյանը սխալ է» վերնագրով հոդվածին՝ ըստ էության ապակողմնորոշելով ընթերցողներին և լրագրողներին։

Այսպես, «Փաստերի ստուգման հարթակը» հունվարի 11-ին հրապարակված հոդվածում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ «2019-ին Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել»: Վարչապետն այս պնդումը արել էր ֆեյսբուքյան գրառման մեջ՝ միևնույն ժամանակ չնշելով որևէ վիճակագրություն: Նրանից մի փոքր ուշ գրառում էր արել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և հայտնել, որ 2019 թվականին Հայաստանի և Արցախի զինված ուժերում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք:

Հարկ ենք համարում ընդգծել, որ թե՛ վարչապետի հայտարարությունում և թե՛ դատախազի խորհրդականի բերված վիճակագրությունում ներկայացվում են Հայկական (Հայաստանի և Արցախի) բանակում տեղի ունեցած մահվան դեպքերը, որոնք ներառում են բոլոր պատճառներն ու հանգամանքները:

Այս տվյալները FIP.am-ը համեմատել էր նախորդ տարիների վիճակագրության հետ և պարզել, որ վարչապետի պնդումը, թե 2019-ին գրանցվել է զոհերի պատմական մինիմումը, սխալ է, քանի որ 2013-ին գրանցվել է 31 զոհ, իսկ 2014-ին՝ 45:

Infocheck.am կայքը «Բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, իսկ FIP.am-ի տվյալները հակասում են իրար» հրապարակման մեջ նշում է, որ FIP.am-ի նյութի համար տարբեր աղբյուրներից վերցրած թվերը հակասում են իրար (այս պնդումը ևս միանշանակ չէ):

Մեր հրապարակման համար հիմք էր հանդիսացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) 2018 թվականին հրապարակած լայնածավալ տեղեկանքը, որը հիմնված է պաշտոնական աղբյուրների (ՀՀ ՊՆ, ԱՀ ՊԲ, զինդատախազություն), զանգվածային լրատվամիջոցների և որոշ դեպքերում նաև մահացած զինծառայողների հարազատներից ստացված տեղեկությունների վրա։

Նյութում հղում էր կատարվել նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի կատարած ուսումնասիրությանը, որում վերջինս ներկայացնում է բանակում զոհերի վերաբերյալ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների ու պետական այլ կառույցների, ինչպես նաև՝ ՀՔԱՎ-ի, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության, «Ռազմինֆո» լրատվական կայքի և այլ կառույցների ներկայացրած տվյալները:

Թեև incfocheck.am-ի հրապարակման վերնագրից տպավորություն է ստեղծվում, որ FIP.am-ի նյութը սխալ է, սակայն հրապարակման մեջ կենտրոնն այդպես էլ չի անդրադառնում և չի հերքում այն փաստը, որ 2013-ին և 2014-ին արձանագրվել է ավելի քիչ զոհ, քան 2019-ին:

Անհասկանալի է, թե հիմք հանդիսացած աղբյուրների տվյալների՝ իրար հակասելն ինչ կապ ունի (հատկապես, որ կենտրոնը վկայակոչում է 2010, 2015, 2017 թվականները) վարչապետի պնդման ճշմարտացիության հետ: Մանավանդ, որ FIP.am-ի նյութում նշվում են տվյալների բոլոր աղբյուրները:

«Տեղեկատվության ստուգման հարթակը» նշում է, որ ՀՔԱՎ-ի և Թաթուլ Հակոբյանի տվյալները տարբերվում են միմյանցից, մինչդեռ Հակոբյանի հրապարակման մեջ ներկայացված են ինչպես ՀՔԱՎ-ի, այնպես էլ այլ նման վիճակագրություն վարող կառույցների տվյալները: Իսկ այդ կառույցների տվյալների տարբերությունը որևէ կերպ չի անդրադառնում նյութի հիմնական բովանդակության վրա (տարբերությունը, ինչպես infocheck-ն է նշում, հնարավոր է կապված է հաշվարկներ վարելու մեթոդաբանության կամ միգուցե տարիներ շարունակ շրջանառվող լուրերով, որ ՊՆ և ՊԲ-ն թաքցնում են զոհերի մասին տվյալները):

Փաստացի, «Տեղեկատվության ստուգման կենտրոնն» ապակողմնորոշում է հանրությանը: Առավել ևս, որ կենտրոնը չի ներկայացնում, թե քանի զոհ է գրանցվել 2013-ին, 2014-ին և 2019-ին ըստ ՊՆ-ի (դատախազության և ՊՆ-ի տվյալները չեն համընկել միայն 2016-ին` ապրիլյան պատերազմով պայմանավորված): Ի դեպ, հրապարակման մեջ կենտրոնը նշում է, որ  Փաշինյանի հայտարարության համար հիմք են հանդիսացել Պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտոնական վիճակագրական տվյալները, սակայն կցված հղումը տանում է կրկին դեպի Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի վերը նշված գրառումը:

Տվյալները մեկ անգամ ևս ճշտելու համար «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ վիճակագրության տրամադրման համար անհրաժեշտ է հարցում ուղարկել։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՊՆ-ն է փոխանցել տվյալները դատախազություն և վարչապետի աշխատակազմ։

FIP.am-ը հարցում է ուղարկել նաև ՊՆ՝ տվյալները ևս մեկ անգամ ձեռք բերելու համար։

Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակը» պահանջում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը գործում է հանրային միջոցների հաշվին, վերանայել իր մոտեցումները, չապակողմնորոշել հանրությանը և չվարկաբեկել բարեխիղճ լրատվամիջոցներին:

Փաստերի ստուգման հարթակի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031