Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի նախագիծը, որով առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարել ու երեխայի ծննդյան վկայականում, բացի ազգությունից, նշում կատարել նաեւ սեռի մասին:
Հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ պետք է ձեւակերպեն օրենքում այսպես. «Ծննդյան վկայականում նշվում է երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը ծնողների փոխադարձ համաձայնությամբ նաեւ ազգությունը, ծննդյան վայրը եւ ժամանակը»:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց՝ ազգությունը ծնողները ինչո՞ւ պիտի որոշեն. «Կներեք, էլի, եթե երկու հայ իրար հետ երեխա են ունեցել, կարո՞ղ է պայմանավորվեն, որ ուզբեկ է էդ երեխեն: Մի քիչ ուշադրություն դարձնեք, էդ դեպքում գոնե գրեք՝ ծնողներից մեկը այլազգի լինելու դեպքում: Եթե երեխեն ծնվել է երկու հայից, նա հայ է, ծնողերն իրար հետ ինչ ուզում են, թող որոշեն»:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ազգությունը պայմանավորված նշելը ենթադրում է, որ կարող է ազգային փոքրամասնությունից լինի եւ չցանկանան ազգությունը նշել: Սա այն դեպքերից մեկն է, երբ մարդուն պետք է հնարավորություն տաս՝ ինքը ընտրի. «Եթե հայրը հայ է, մայրը՝ ոչ, հայ չէ, ապա…»: Գեւորգ Պետրոսյանը միանգամից վրա բերեց՝ «ուրեմն երեխան հայ է, էլ ի՞նչ»:
Կարդացեք նաև
Իմքայլական Սուրեն Գրիգորյանը КВН-ը հիշեց՝ «մեկն ասում են էս մարդը հայ է, ասում են՝ ո՞նց է հայ, պատասխանում է՝ հրեա՞ է, չէ, ուրեմն հայ է»: Գրիգորյանի խոսքով՝ եթե ծնողները տարբեր ազգություն ունեն, իրենք են որոշում, կստացվի, թե հայն ու հրեան կարող են որոշել, որ երեխան գերմանացի է, օրինակ:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ