Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Փանոսյանի դեմ ցուցմունք տված անձը նոտար Ալվարդ Մելքոնյանն է. «Հայկական ժամանակ»

Հունվար 14,2020 12:29

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը՝ պնդելով, որ Փանոսյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է։ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր, եւ նրան նոր մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինչից հետո նա կալանավորվել էր։ Նորայր Փանոսյանի պաշտպանը պատասխանել է քրեական գործի վերաբերյալ մի քանի հարցերին։

– Պարոն Սարգսյան, մեղադրանքի հիմքում նախաքննական մարմինն ի՞նչ ապացույցներ է դրել։

– Ապացույց բացարձակ չկա, նախաքննական մարմինը խառնել է քրեական իրավունքի գիտությունը քաղաքականության հետ, ժամանակն ու իրադարձությունները՝ իրար հետ։

– Կմասնավորեցնե՞ք, թե ինչ նկատի ունեք։

– 2009 թվականին Բաղրամյան փողոցում գտնվող նոտարական գրասենյակը որպես սեփականություն փոխանցվել է Երեւան համայնքին, Նորայր Փանոսյանն այդ ժամանակ չի աշխատել Արդարադատության նախարարությունում, չի եղել պաշտոնատար անձ, այսինքն՝ որեւէ իրավասություն այդ տարածքի նկատմամբ չի ունեցել։ 2009 թվականից սկսած՝ նոտարներ Էմմա Շաբոյանը եւ Ալվարդ Մելքոնյանը ունեցել են պահանջներ այդ  նոտարական  տարածքի նկատմամբ, ինչի կապակցությամբ քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների մեջ են մտել Երեւան համայնքի հետ, դիմել են դատական պաշտպանության, դատարանում գործերը քննվել են, երեք դատական ատյան անցել են, եւ նոտարները պարտվել են, իսկ այդ ընթացքում՝ 2011-14 թթ., Նորայր Փանոսյանը աշխատել է Արդարադատության նախարարության տեսչության ղեկավար, ի՞նչ կապ ունի 2011 թվականից առաջ սկսված իրադարձությունները նրա հետ։

Ասեմ ավելին, նոտար Ալվարդ Մելքոնյանը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել նոտարական աշխատանքի ընթացքում, մի բնակարանի վերաբերյալ տարբեր պայմանագրեր է կնքած եղել, ինչի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվել, եւ ՀՔԾ պետի կողմից միջնորդագիր է գրվել, որի հիման վրա նա տույժի է ենթարկվել, այդ ժամանակ է Նորայր Փանոսյանը ինչ-որ կապ ունեցել, բայց այդ ժամանակ էլ նրա գործառույթներն իրականացրել է փոխնախարարը։

– Ալվարդ Մելքոնյանն այս գործով ի՞նչ կարգավիճակ ունի։

– Վկա է, բայց նրա հետ առերես չենք հարցաքննվել, խուսափում են առերեսումից, եթե առերես հարցաքննություն լինի, նրա ցուցմունքները «օդ կթռչեն»։ Ընդ որում, առերես հարցաքննությունը վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է, օրենքով եւ Սահմանադրությամբ է ամրագրված, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։

– Նորայր Փանոսյանի դեմ ցուցմունք տված անձը հենց նա՞ է, այլ ցուցմունք չկա՞։

– Բացարձակ, Ալվարդ Մելքոնյանի կցկտուր, հակասական, քրեաիրավական տեսանկյունից որեւէ արժեք չունեցող ցուցմունքներ են։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031