Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են ծննդյան վկայականում երեխայի սեռը գրել. Գեւորգ Պետրոսյանը վարչապետի անունն է հիշեցնում՝ Նիկոլ անունը արտասահմանում աղջիկ է

Հունվար 14,2020 12:21

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի նախագիծը, որով առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարել ու երեխայի ծննդյան վկայականում, բացի ազգությունից, նշում կատարել նաեւ սեռի մասին: Ներկայումս սեռի նշումը բացակայում է, օտար երկրներում թարգմանությունների դեպքում սա խնդիր է առաջացնում, քանի որ հայերի ազգանունն այնպիսին է, որ յան վերջավորությունը թույլ չի տալիս հասկանալ՝ իգակա՞ն սեռ ունի երեխան, թե՞ արական:

Անձնագրերում սեռն արդեն ամրագրվում է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց՝ եթե ծննդյան պահին սեռը որոշել հնարավոր չի, ի՞նչ է տեղի ունենում, հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց, որ ֆիզիոլոգիական սեռն ակնհայտ է լինում, երեւի դրանով են որոշում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կանխատեսելով, թե սեռերի հետ կապված հարցի քննարկմանը մոտավորապես ինչ ելույթ է ունենալու ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, կատակեց՝ ասելով. «Պոլե չուդեսի նման ասեմ՝ այսքան գումար տամ՝ մի խոսացեք»:

Իսկ Պետրոսյանն ասաց, որ պետք է պահպանել ավանդական արժեքները. «Ծնվելու պահին ո՞նց կարա սեռը հայտնի չլինի, պարոն Բաղդասարյան, էդ ի՞նչ պիտի լինի: Ես ուզում եմ, որ ծնվելու պահին սեռը գրվի, որովհետեւ կարող է հետո ինքը ուզում է իր սեռը դավաճանի, գոնե իմանանք, որ ինքը դավաճան է: Եթե սեռը չեք գրում, ինքը կարա ասի՝ բայց ձեզ ո՞վ է խաբել, որ ես տղա եմ կամ աղջիկ եմ: Մենք պետք է կողմ քվեարկենք, մենք պետք է մեր սեռերը, սեռական կողմնորոշումները տարբերենք, եթե չտարբերենք՝ մեր ազգը ապագա չունի»:

Պատգամավոր Արթուր Դավթյանը հիշեց. «Դե որ էդքան անկեղծացաք, մի բան էլ ես պատմեմ: Փաստաբանական գործունեության ընթացքում մի հաճախորդ ունեի, որի անունը կարող էր ե՛ւ իգական սեռի վրա դրվեր, ե՛ւ արական: Մի օր զինկոմիսարիատից զանգում են ծնողին, ասում են՝ բերեք վայենկոմատ, ծնողն ասում ՝ բայց ինքը աղջիկ է, ասում են՝ էդ դեպքում տեղեկանք բերեք, որ ինքը աղջիկ է»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իսկապես խնդիր կա. «Օրինակ, Կարեն անունը լուրջ խնդիր է առաջացնում անգլախոս երկրներում, որովհետեւ Karen-ը դիտարկվում է որպես կնոջ անուն»: Գեւորգ Պետրոսյանն էլ տարավ-բերեց, հիշեց վարչապետի անունը՝ Նիկոլ անունը աղջիկ է արտասահմանում: Հիշեցին նաեւ Նիկիտա, Ժենյա անունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031