Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույս» խմբակցությանը չեն տեղեկացրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվելու վերելակներն ու ավտոբուսները, եւ որ իշխանականների տարածած այդ տեղեկության մեջ էլ որեւէ ֆինանսական աղբյուրի հղում չկա. «Հրապարակ»

Հունվար 14,2020 11:52

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակիցները, այդ թվում՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները, այս օրերին իրար հերթ չտալով՝ ոգեւորված տարածում են, որ 2020-ին 500 նոր վերելակ է տեղադրվելու մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում։ Ավետում են նաեւ այն մասին, որ մինչեւ տարեվերջ երթուղային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսով։ Առաջին հայացքից՝ սա դրական ինֆորմացիա է եւ պետք է ոգեւորի երեւանցիներին, ողջունելի է, այնպես, ինչպես ողջունելի է մայրաքաղաքի աղբահանության հարցի լուծումը։

Բայց վերելակների ու ավտոբուսների մասով ավագանու «Լույս» խմբակցության անդամները խիստ կասկածներ ունեն, թե ինչ միջոցներով են դրանք ձեռք բերվելու, քանզի խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, եւ 2020 թ. բյուջեում որեւէ տող նախատեսված է։ Կասկած կա, որ դարձյալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող նվիրատվությունների տարբերակով են ձեռք բերվելու այդ վերելակներն ու ավտոբուսները։

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ ի սկզբանե քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում վերելակների փոփոխության մասին հարցն ընդգրկված էր, բայց այս հնգամյա ծրագրում անգամ մեկ վերելակ փոխելու մասին խոսք չկա։ «Եվ երբ հարցնում էինք՝ ինչ միջոցներով եք ձեռք բերելու, ասում էին՝ հայթայթելու ենք գումարը, իսկ թե ոնց են հայթայթելու, դա արդեն չգիտենք, մենք էլ, բոլորի պես, հրապարակումներից ենք իմացել, որ 500 վերելակ է նախատեսվում փոխել այս տարվա ընթացքում»,- ասաց Անի Խաչատրյանը։

Նա նշեց, թե շատ են ուզում, որ վերելակները փոխվեն, դրա համար էլ առաջարկել են այդ հարցը ներառել թե՛ հնգամյա ծրագրում, թե՛ 2020 թ. բյուջեում, բայց Մարությանի թիմը մերժել է, ու հիմա անհասկանալի է՝ ինչ միջոցներով են ձեռք բերվելու։ «Երեւի կարելի է ենթադրել, որ «ԿամԱԶ»-ների նման նվեր կստանանք»,- կեսկատակ հեգնեց Խաչատրյանը՝ նկատելով, որ եթե նվիրատվություն չլինի, կարելի է ենթադրել, որ վարկային միջոցներով ձեռք կբերվեն՝ ավելացնելով պետության արտաքին պարտքը։

Նույն խմբակցության մեկ այլ անդամ՝ Թեհմինա Վարդանյանն էլ ասաց, որ իրենց ոչ ոք չի տեղեկացրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվելու այդ վերելակներն ու ավտոբուսները, եւ որ իշխանականների տարածած այդ տեղեկության մեջ էլ որեւէ ֆինանսական աղբյուրի հղում չկա։ Նա հիշեցրեց, որ ավագանու վերջին նիստին բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարց է ուղղել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին՝ կապված դեռ անցյալ տարի հայտարարված 100 նոր վերելակի ձեռքբերման հետ, քանի որ բյուջեում նման հոդված գոյություն չունի։ «Եվ պարոն Սարգսյանն ինձ պատասխանեց, որ այդ միջոցները հայթայթվելու են։ Հիմա ես չգիտեմ՝ ինչ պատահեց, որ հայթայթման շանսերն այդքան մեծացան, եւ արդեն իսկ նախատեսվում է 500 վերելակ։ Նախեւառաջ պետք է պարզել՝ այդ վերելակների միայն խցի՞կն է փոխարինվելու, թե՞ փոխարինվելու են նաեւ ճոպաններն ու մեխանիզմը։ Երկրորդը. ես խոսակցություններ եմ լսել, որ դրանք բելառուսական վերելակներ են, որոնցից մի քանի տարի առաջ տեղադրվել են Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկում, որտեղ բնակիչները հստակ դժգոհ են, քանի որ շատ ցածրորակ վերելակներ են»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031