Ինչպես հայտնի է, Ռուսաստանի դատարանը բավարարել էր Ալրաղացի Լյովիկ մականունով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին (լուսանկարում.-խմբ.) 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը, եւ Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը կքննարկվի։ Սույն որոշումից անցել է 48 օր, եւ դեռեւս Լեւոն Սարգսյանին հանձնելու գործընթացը ուշանում է, ինչը մի շարք հարցեր է առաջ քաշում։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը ուշագրավ մանրամասներ հայտնեց քրեական գործից։ Մասնավորապես, վերջինս հայտնեց, որ այս քրեական գործով ինքը ոչ միայն եղել է Հայկ Մելքոնյանի պաշտպանը, այլ նաեւ Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը. «Վերջիններիս շահերի պաշտպանը ես եմ եղել, որոնք այն ժամանակ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեցին։ Ցանկանում եմ նախ հայտնել, որ ինձ նման տեղեկատվություն հայտնի չէ Արմեն Նիկողոսյանի մասով, թե արդյոք իրեն հարցաքննել են, թե ոչ, բայց դատելով հրապարակումներից՝ փաստորեն իրեն հարցաքննել են, իսկ թե նա ինչ է ասել, ինչ տեղեկատվություն է հայտնել, պաշտոնապես չգիտեմ։ Ինչ վերաբերում է Հայկ Մելքոնյանին, ապա կարող եմ պաշտոնապես հայտնել, որ, այո, Հայկ Մելքոնյանին հարցաքննել են, ես իր հետ շփվել եմ եւ հետաքրքրվել եմ իրենից՝ արդյոք իրեն հարցադրում արել են Լեւոն Սարգսյանի մասով, ինքը ասաց, որ, այո, արել են։ Նա քննիչներին հայտնել է, որ Լեւոն Սարգսյան անձնավորության ինքը չի ճանաչում, երբեւէ նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել, հետեւաբար նրա վերաբերյալ որեւէ տեղեկություն հայտնել չի կարող, մասնավորապես այն, որ, իբրեւ թե, հանցագործության պատվիրատուն նա է եղել։ Նա ասել է, որ նման բան չի կարող հայտնել, քանի որ այդ մարդու հետ չի շփվել, չի ճանաչում, եւ ինքն էլ ինձ չի ճանաչում։ Այն նյութում առկա փաստական հանգամանքը, որ Հայկ Մելքոնյանը ցուցմունք է տվել, թե, իբր, Լեւոն Սարգսյանն է եղել պատվիրատուն, ապա Ձեզ կարող եմ հայտնել, որ նման ցուցմունք չի տվել, այլ սա է ողջ իրականությունը»։
Ըստ Վաղարշակ Գեւորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին. «Առաջարկություն է եղել՝ եթե որեւէ տեղեկություն ունես Լեւոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնի, համագործակցի մեզ հետ, մենք էլ, բնականաբար, փոխադարձաբար կնպաստենք՝ Ձեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը կարգավորվի, այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի։ Առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի։ Պետք է նշեմ, որ նախաքննակաև մարմինը պարզաբանել է, որ նման համագործակցությունը նաեւ օրենքով նախատեսված կարգով կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում