Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Իրան հակամարտություն. հետաձգված սպառնալիք Հայաստանի համար

Հունվար 14,2020 22:00

Ամանորին նախորդած եւ հաջորդած օրերին թեժացած ճգնաժամը շատերի մոտ խուճապային տրամադրութոյւններ հարուցեց, թվում էր, թե աշխարհը ներքաշվում է առնվազն ԱՄՆ եւ Իրանի միջեւ տարածաշրջանային պատերազմի մեջ։

Սակայն, ինչպես տեսանք, իրանցի լեգենդար գեներալի սպանությանը եւ իրանական «ստերիլ» հակահարվածին հետագա լարվածության նոր փուլեր չհաջորդեցին, եւ «մարտական ոչ-ոքին» այն լավագույն «հաշիվն» էր, որն արձանագրեցին կողմերը, եւ հիմա մտածում են, թե ինչ պետք է անել դրանից հետո։

Անշուշտ, կողմերի պահվածքը հարվածից եւ հակահարվածից հետո, ի պատիվ իրենց, միանգամայն ռացիոնալ էր, հույզերը գրեթե զրոյական էին, չնայած խիստ ռազմաշունչ հռետորաբանությանը։ Միեւնույն ժամանակ, խնդիրը նոր չէ, գալիս է դեռ Սառը պատերազմի տարիներից, եւ կողմերը, ԱՄՆ-ը եւ Իրանը՝ անցած տասնամյակների ընթացքում կուտակել են փոխադարձ թյուրըմբռնումների, թյուրիմացությունների եւ քաղաքական բարդույթների մի այնպիսի հաստ շերտ, որ բացառապես ռացիոնալ դաշտում գործելու հնարավորությունը տեսանելի ապագայում թվում է քիչ հավանական։

Լայնամասշտաբ պատերազմի վերահաս վտանգը ներկա պահին հաղթահարված է, սակայն, լարվածության պահպանման եւ ապագայում նոր սրացման հիմքերը պահպանվում են։ Հայաստանի համար ցանկացած լարվածություն ԱՄՆ-Իրան հարաբերություններում միանշանակորեն դիտարկվում է որպես լրջագույն մարտահրավեր, իսկ պատերազմի հնարավորությունը չլուծված Ղարաբաղյան հակամարտության պարագայում՝ գոյաբանական մակարդակի սպառնալիք, քանզի աքսիոմ է, որ Հայաստանի հարաբերությունները Իրանի եւ ԱՄՆ-ի հետ կենսական կարեւորություն ունեն ոչ միայն երկկողմ հարթության վրա, այլեւ տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ անվտանգության տեսակետից, եւ չափազանց կարեւոր է հաշվարկներում հենվել մի քանի առանցքային արձանագրումների վրա։

Նախ, ԱՄՆ-Իրան հակամարտությունը Մերձավորարեւելյան ճգնաժամի միայն մեկ բաղկացուցիչն է, «հաղորդակցվելով» տարածաշրջանում ուրվագծված մի շարք հակասությունների, հակադրությունների եւ հակամարտությունների հետ, եւ խոսքը միայն արաբ-իսրայելական հակամարտության մասին չէ, որում Իրանի ներգրավումն առանձին դիտարկման առարկա է։

Սիրիական պատերազմը, որն արդեն կես միլիոնից ավել մարդու կյանք է խլել եւ ավերել է երկիրը, ուղեկցվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ուղղակի կամ պրոքսի-ուժերի մասնակցությամբ։ Որքան էլ որ կողմերը եռակողմ ձեւաչափով հաճախ հանդիպում են եւ միմյանց ժպտում՝ երկու խնդիր կա, որոնցից առաջինը նրանց միավորում է՝ տարածաշրջանից դուրս դնել ԱՄՆ-ին, իսկ երկրորդը՝ ստանալ Սիրիան ամբողջությամբ, Դամասկոսում իշխանության կարգելով յուրայինին՝ անլուծելի է, չնայած որոշ մարտավարական եւ կարճաժամկետ շահերի համընկնումների։ Մինչդեռ երկրում, Սիրիայում՝ շարունակում է արյուն հոսել, խնդիրը քաղաքական առումով մնում է եւ դեռ երկար ժամանակ մնալու է չլուծված, իսկ հակամարտության «հետցնցումները» փաստականների ալիքի տեսքով զգացին Եվրամիության երկրները, զգաց Հայաստանը։

Տարածաշրջանում սահմանների Սայքս-Պիկոյի ճարտարապետությունն, ըստ էության, դե-ֆակտո գոյություն չունի, այն «անտեր» է եւ չի աշխատում, այն նախաշեմին է մի նոր վերաձեւման, որի ընթացքում ինչ-որ սահմաններ կպահպանվեն, ինչ-որ սահմաններ էլ այլեւս գոյություն չունեն եւ արհեստականորեն նրանց պահպանումն ուղղակի քաոսի եւ արյունահեղության պատճառ կարող է դառնալ։

Քրդական գործոն, արաբական գործոն, Իսլամի գործոն, շիական գործոն, Իրան, Թուրքիա, Լիբանան, ալավիներ, քրիստոնյաներ, Յեմեն, ցեղային մտածողություն, դասական նացիոնալիզմի բացակայություն, լոկալ էգոիզմ, ավտորիատար վարչակարգեր եւ այլն եւ այդպես շարունակ՝ այս խճանկարին «տեր կանգնելու», այն կարգավորելու տեսական հնարավորությունները երկուսն են. կամ դա կարող է անել ԱՄՆ-ը իր եվրոպացի դաշնակիցների հետ՝ բոլոր կողմերի ներգրավմամբ, կամ դա կփորձեն անել եռյակով՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, որոնց ակտիվությունը Սիրիայում արդեն իսկ ցույց է տալիս, որ նման փորձ անցել է գործնական փուլ, եւ բացի արյունահեղությունից, ծայրահեղականության վերելքից՝ այլ բան դուրս չի գալիս։

Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Վրաստանի համար ԱՄՆ դուրս գալը տարածաշրջանից եւ հրաժարումը համապարփակ ձեւով զբաղվել Մերձավոր Արեւելքի քաղաքական ապագայով կարող է ստեղծել գոյաբանական սպառնալիքներ, քանզի պարզ է, որ Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունից «փակվելու է» ի վերջո մեզ վրա, եւ այդ եռակողմ առեւտրում ռուսներն, ըստ ամենայնի, ձեռքերի ազատություն են ստանալու իրենց նեոկայսերապաշտական դոկտրինն իրականություն դարձնելու համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, զրկելով նրանց սուբյեկտ մնալու որեւէ հնարավորությունի. մենք կանգնելու ենք հարյուր տարի առաջվա իրողությունների հետ դեմ առ դեմ։ Ամերիկյան սատարումից զրկված արաբական վարչակարգերն ուղղակի կապակայունացվեն շիական ռազմաքաղաքական սուբյեկտների եւ թուրքական պրոքսիների կողմից, իսկ ստեղծված քաոսի գլխավոր շահառուն միանշանակորեն կդառնան Մոսկվան՝ իր «նեո-ցարով», մասամբ էլ Անկարան՝ իր «նեո-սուլթանով»։ Եվ ոչ մեկը, ոչ էլ մյուսն իրեն հաստատապես չի դնի ավելորդ բեռի տակ հարցնելու արաբներից, հայերից, վրացիներից, քրդերից, թե ցանկանում են նրանք նման ճակատագիր, թե ոչ։

Թրամփն ասում է, թե «Ամերիկան՝ առաջին հերթին», «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր»։ Մինչդեռ, գերտերություն լինելու գինը, նախ, պատասխանատվությունն է, դրա մասին դեռ Չերչիլն էր ասու… Իսկ փախուստը պատասխանատվությունից՝ դա միակ բանն է, որն իրեն չի կարող գերտերությունը թույլ տալ։

Գաղութատիրական անցյալը, «նավթային ներխուժումներն» անցյալում, պետական հեղաշրջումները տարբեր երկրներում, ընդհանրապես անցյալի բեռը՝ Արեւմուտքի նկատմամբ մեծ անվստահություն է պահպանում տարածաշրջանում։ Սակայն, ԱՄՆ նախագահը հունվարի 8-ին ազդարարեց, որ Ամերիկան այլեւս մերձավորարեւելյան նավթի կարիքը չունի, Ամերիկան ի՛ր նավթն ունի, գազն էլ գումարած, ինչն ըստ էության պատմական նշանակության արձանագրում է շարունակվող գլոբալ էներգետիկ հեղափոխության ընթացքում։

Միացյալ Նահանգները պահպանում են եւ պահպանելու են ահռելի ռազմական ներկայությունը ողջ տարածաշրջանում, եւ այդ ահռելի ռազմաքաղաքական եւ ռազմատնտեսական ներուժի, դաշնակից Եվրամիության առկայության պարագայում Վաշինգթոնն առաջարկում է լավագույն դեպքում միայն ինչ-որ հատվածային, մարտավարական լուծումներ, ոչ ավելին, ինչն այլ բան չի ստեղծում, քան քաղաքական վակուում։ Իսկ երբ կա վակուում, ապա այն շատ արագ լցվում է, եւ ոչ միշտ՝ ցանկալի սուբյեկտների ազդեցությամբ։ Եվ մեկ էլ ստացվում է, որ, ասենք, Ռուսաստանը «հզոր» է, իսկ Պուտինը՝ «հանճարեղ», իսկ Էրդողանն էլ մտածում է, թե իսկ ինքն ինչո՞վ է պակաս։

Հայաստանը, մնալով տարածաշրջանի ազատության, ժողովրդավարության, խաղաղության եւ կայունության կարեւոր կղզյակ, բոլոր առումներով արդյունավետ օպերատիվությամբ արձագանքեց ճգնաժամին, պահպանելով հավասարակշռությունը կողմերի միջեւ, կողմերի վստահությունը, չնայած ապատեղեկատվական հարձակումներին, ինչը չափազանց կարեւոր է։

Անկասկած, Հայաստանը պատվով դուրս եկավ անցած ճգնաժամի փորձությունից, խուսափեց սպառնալիքներից, սակայն այդ ապառնալիքները միայն հետաձգված են, բայց ոչ հաղթահարված, եւ ապագան հաստատապես հեշտ չի լինելու։ Բոլոր դեպքերում, հայերի ապագա Մեծ Հայրենադարձության առաջին ալիքի գլխավոր աղբյուրը մնում է Մերձավոր Արեւելքը, քանզի պարզ է, որ հայերն այնտեղ անելիք չունեն այլեւս, եւ նրանց ճակատագրի պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է եւ Արցախի Հանրապետությունը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ լրջմիտ մոտեցում է: Կեցցեք, պարոն Մեհրաբյան:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031