Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյանը՝ փակվող ծննդատների եւ Վանեցյանի մասին

Հունվար 13,2020 22:55

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել, այն ավարտվել է քիչ առաջ: Նիստից հետո ՔՊ վարչության անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարալիկի, Եղվարդի եւ Աչաջուր համայնքների ծննդատների փակմանը:

Թորոսյանն ասաց՝ քաղաքականությունն ուղղված է մանկական եւ մայրական մահացության դեպքերի նվազեցմանը, եւ ուղղված չէ որեւէ բուժհաստատության կամ որեւէ խումբ քաղաքացիների դեմ, հակառակը՝ նրանց համար է արվում: Ինչ վերաբերում է համայնքին մոտ մեկ այլ ծննդատան միջեւ հեռավորությանը, ապա նախարարը վստահեցրեց՝ հաշվի են առնում միայն այն հեռավորությունը, որը կարող է վտանգ սպառնալ քաղաքացիների կյանքին.«Այդ մասով բացառություններ ենք արել, Եղվարդը դրան չի պատկանում: Եղվարդն ամենահասանելի համայնքն է թե՛ Երեւանին, թե՛ Աբովյան քաղաքին: Մենք հակված ենք զարգացնել շտապօգնության ծառայությունն ուժեղացնելուն: Վաղը Կոտայքի մարզպետարանում հանդիպում է լինելու, հետեւում ենք: Եթե սկզբունքը բոլորի համար ընդունելի է, ապա մնացածի շուրջ հնարավոր է պայմանավորվել, եթե սկզբունքից հետ ենք կանգնում, ապա վտանգում ենք քաղաքացիների կյանքն ու առողջությունը»:

Դիտարկմանը՝ մարալիկցիները խոստանում են ճանապարհ փակել, Թորոսյանը պատասխանեց.«Մենք նրանց հետ երկխոսության մեջ ենք, կարծում եմ առիթ չի լինի նման «պայքարի» դիմել, եւ ընդհանրապես պայքարելու առիթ չկա: Այս պահին սկզբունքների շուրջ կա համաձայնություն: Օրինակ՝ չի կարող լինել ծննդատուն, որտեղ չկա նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ կամ մանկական ինտենսիվ թերապիայի սենյակ, կամ ծննդկանների ինտենսիվ թերապիայի ծառայություն, որովհետեւ դա ուղիղ վտանգ է երեխայի եւ ծննդկանի համար:

Բժշկական ծառայությունները «սիրում են կենտրոնացվածություն, մենք գնահատելով այդ ծառայությունների ծանրաբեռնվածությունը, զբաղվածությունը, որոշում ենք կայացնում, թե դրա կենտրոնացվածության աստիճանը որքան պետք է լինի: Փոքր համայնքում չենք կարող ունենալ բոլոր ծառայությունները՝ անկախ նրանից՝ բժիշկները կհամաձայնվեն այնտեղ աշխատել, թե՝ ոչ: Վարդենիկը մեծ գյուղ է, բայց այնտեղ ծննդատուն չկա ու լավ վիճակ է այնտեղ: Նույնը՝ Օձուն համայնքում է, չկա ծննդատուն ու չպետք է լինի: Տրամաբանությունը այդպես պետք լինի, ոչ թե բոլոր համայնքներում ունենալ բոլոր հնարավոր ծառայությունները: Սրանք հաշվի առնելով ենք շարժվում: Բայց մարզային որոշ հիվանդանոցներում նոր ծառայություններ ենք բացում՝ Վանաձորում՝ սրտաբանական, ու մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում է»: Նախարարը վստահեցրեց՝ սահմանամերձ համայնքներում բացառություններ են անում՝ Բերդ, Ճամբարակ,Մեղրի համայնքների ծննդատները շարունակելու են գործել, հագեցվածության առումով խնդիր չունեն»:

«Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարկված ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի`լրատվամիջոցներից մեկով Փաշինյանի ընտանիքի մասին հակաքարոզչություն անելու մասին հոդվածի վերաբերյալ, որին նաեւ Վանեցյանն է պատասխանել, Թորոսյանն ասաց.«Անթույլատրելի է նման բանը: Պետք է բացառվեն ու ոչ միայն ԱԱԾ պետի կամ վարձված լրատվամիջոցների, այլ՝ ընդհանրապես, պատվիրակված կամ այլ եղանակով դրդված «հարձակումները» պետք Հայաստանի քաղաքական օրակարգում շատ բան չորոշեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031