Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-Իրան լարվածությունը կշարունակվի մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններ». Արմեն Վարդանյան

Հունվար 13,2020 20:15

«Սա մեր կոնֆլիկտը չէ. թե′ Իրանը, թե′ ԱՄՆ-ն մեր բարեկամ երկրներն են, մեր երկիրը պետք է հավասարակշռված, չեզոք դիրքորոշում ունենա այս հարցում: Մենք բացարձակապես որևէ կերպ չպետք է նրանց մեկի կողմը պաշտպանենք, ողջամիտ քաղաքականություն պետք է վարենք: Միայն այդ դեպքում կարող ենք անվնաս դուրս գալ այս հակամարտությունից»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կազմակերպած «Իրան-ԱՄՆ նոր առճակատում. ի՞նչ սպասել» խորագրով փորձագիտական քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը:

Արմեն Վարդանյանն ասաց, որ ի պատիվ ՀՀ-ի և Արցախի ԱԳ նախարարությունների՝ պետք է ասել, որ նրանց տարածած հաղորդագրությունները միանգամայն չեզոք ու հավասարակշռված են, և ՀՀ-ն պետք է շարունակի այս կերպ իր դիրքավորումը պահպանել:

Արմեն Վարդանյանն ասաց՝ այն, որ Մերձավոր Արևելքը վաղուց արդեն վերածվել է եռացող կաթսայի, այն, որ այս տարածաշրջանը վաղուց արդեն աշխարհի քաղաքական քարտեզի վրա ամենաթեժ կետն է  համարվում, որևէ մեկի համար նորություն չէ: Այնուհետև հավելեց. «Այն, որ Իրանն ու ԱՄՆ-ն վաղուց արդեն անուղղակի միջնորդավորված պրոքսի պատերազմի մեջ են միմյանց հետ, երրորդ երկրների տարածքում դա նույնպես նորություն չէ: Բայց որ երկու երկրների հարաբերություններն այնքան կվատանան, որ ուղղակի պատերազմի սպառնալիք կլինի նրանց միջև, դա պետք է ասեմ շատերի համար անսպասելի էր, և շատերս ուշի ուշով հետևում ենք, որ հանկարծ նոր պատերազմ չառաջանա երկու երկրների միջև, քանի որ երկուսն էլ հզոր ռազմական տերություններ են, և երկուսի միջև ուղղակի պատերազմը ուղղակի անպատկերացնելի հետևանքների կբերի»:

Փորձագետն ասաց, որ փորձագիտական շրջանակներում շատ է  խոսվում՝ արդյոք համարժե՞ք էր Իրանի պատասխան հարվածը ամերիկյան կողմից հայտնի գեներալի սպանությանը: Այս առիթով ասաց. «Կարծում եմ՝ ռեալ պոլիտիկի տեսանկյունից միանգամայն արդարացի էր: 2018-ի մայիսի 18-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, ամերիկյան Սպիտակ տան վարչակազմը հայտարարեց աննախադեպ ճնշումների ենթարկելու քաղաքականության մասին, որով Իրանի նկատմամբ տարվում էր քաղաքական, տնտեսական, հոգեբանական պատերազմի տարբեր ձևեր»:

Արմեն Վարդանյանն ասաց, որ իրանական կողմն այս մեկուկես տարիների ընթացքում կրել է մոտ 200 միլիարդ դոլարի վնաս:

Փորձագետն ասաց, որ ամերիկյան փորձագիտական շրջանակներում շատ խոսվեց, որ իրանական կողմը նախապես տեղյակ է պահել ԱՄՆ-ին, որ հարված է հասցնելու Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, որ խուսափեն մարդկային զոհերից. «Իրանն իր սեփական դեմքը փրկելու շնորհիվ այս միջադեպը համարի փակված և իրավիճակի հետագա էսկալացիա չլինի: Սա ռեալ պոլիտիկի տեսանկյունից ճիշտ էր: Իրանին այժմ ձեռնտու չէ ուղղակի պատերազմի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, մանավանդ, որ երկրում մի քանի տասնյակ հազար մարդիկ պատրաստ են ամեն մի իրավիճակի վատթարացման դեպքում դուրս գալ փողոց և բողոքի ցույցեր անել»:

Արմեն Վարդանյանը մի քանի սցենարներ քննարկեց, օրինակ, որ Իրանն այնպես անի, որպեսզի խոչընդոտի ԱՄՆ նախագահ Թրամփի վերընտրմանը, մանավանդ, որ Իրանում դեմոկրատները հույսեր ունեն, որ հաջորդ նախագահը պետք է լինի դեմոկրատների թեկնածուն: Մյուս սցենարն այն է, որ Իրանը կարողանա լեզու գտնել ԱՄՆ-ի հետ և նոր միջուկային համաձայնագիր կնքի :Սակայն ամենահավանականը համարեց հետևյալը. «Ամենահավանական սցենարն այն է, որ այս լարվածությունը կշարունակվի մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններ: Թրամփը ժամանակ առ ժամանակ Իրանի նկատմամբ ճնշումներն ավելի կմեծացնի: Մինչև նախագահական ընտրություններ այդ ճնշումները շարունակվելու են, և Թրամփը՝ նախագահ վերընտրվելուց հետո հասկացնել է տվել, որ Իրանի նկատմամբ պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ Իրանը ճնշվի միջազգային հանրության կողմից, մեկուսանա և գնա միջուկային համաձայնագիր կնքելուն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031