Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա չեմ համարում ներողություն». Սոֆիա Հովսեփյանը պատմեց, որ Մակունցը շատ վրդովված է եղել Կարեն Սարուխանյանի պահվածքից, նրա հարցը քննարկել են վարչության նիստում

Հունվար 13,2020 17:55

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը իրենց խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին վիրավորել էր՝ ասելով. «Ամուսնացիր՝ կանցնի», ինչը քննարկման առարկա էր դարձել: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնել էր, որ գործընկերները խոսել են Կարեն Սարուխանյանի հետ ու այս իրավիճակում միակ արժանապատիվ ելքը ներողությունն է, ինչից հետո Սարուխանյանը խնդրել էր ներողություն ու ասել, թե նույնը պետք է անի նաեւ Սոֆիա Հովսեփյանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում Հովսեփյանին հարցրեցինք՝ Կարեն Սարուխանյանի այդ ներողությունը հավուր պատշաճի՞ էր ու պատրաստվո՞ւմ է ինքն էլ ներողություն խնդրել, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Դա հավուր պատշաճի ներողություն չէր եւ անկեղծ ասած չեմ համարում ներողություն: Ներողություն է խնդրում եւ միեւնույն ժամանակ ինձ մեղադրում է չհասկանալու մեջ, այսինքն, կատակ է արել, չեմ հասկացել եւ այն բաղադրիչով, թե ես էլ պետք է ներողություն խնդրեմ նրա համար, որ կեղծ տեղեկատվություն եմ տվել: Ես ունեմ փաստերը, որ կեղծ տեղեկատվություն չեմ տվել, լրատվականից առաջարկել են բանավեճ, պատրաստ եմ բանավիճելու եւ ներկայացնելու այդ փաստերը: Ես պատրաստ եմ քննարկումների եւ ապացույցների ներկայացմանը»:

Սոֆիա Հովսեփյանն ասաց, որ առհասարակ սա արատավոր երեւույթ է, երբ մարդը թույլ է տալիս իրեն նման բան, բանավիճելու ընթացքում տանում են անձնական դաշտ. «Եվ հետո մի հատ էլ բարի խորհուրդ….կներեք, բայց այդ բարի խորհուրդները պահեք միգուցե ձեր համար»: Ըստ նրա, սա արժեհամակարգի խնդիր է ու առավել վիրավորական է, երբ դա անում է գործընկեր, որը քեզ ճանաչում է շատ լավ:

Մենք հարցրեցինք՝ «Ամուսնացիր՝ կանցնի», երբ այս խոսքերը լսեցիք, ի՞նչ զգացիք, վիրավորանքի զգացում կա՞ր եւ չե՞ք պատրաստվում արդյոք ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորել: Նա պատասխանեց, որ վարչության նիստի ժամանակ այդ հարցը քննարկել են ու խմբակցության նիստում էլ առաջիկայում կքննարկեն. «Անմիջապես Լիլիթ Մակունցը կապվեց ինձ հետ…ես քայլեր չեմ ձեռնարկելու, թողնելու եմ, թե ովքեր են քայլեր ձեռնարկելու: Կարծում եմ, ԱԺ-ն ինքը պետք է ձեռնարկի, այս հարցերը կարող են լինել շարունակական, սրանք այն արատավոր երեւույթներն են, որոնց մենք ինքներս ի սկզբանե դեմ ենք եղել ու փորձել ենք նոր ԱԺ-ի գումարմամբ վերջ տանք»:

Հետո Սոֆիա Հովսեփյանը հավելեց. «Պատշաճ ներողություն չի եղել, իրականում, եթե անկեղծ լինեմ, ես դրա կարիքը չունեի, որովհետեւ շատ բաներ ինձ համար նորություն չէին այս անձի դեպքում»:

Նա տեղեկացրեց, որ Մակունցը վրդովված է եղել, իրապես ապրումակցել է, կարծես իր հետ են այդպես վարվել ու ասել է, որ Սարուխանյանի պահվածքն անթույլատրելի է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031