ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է «Իմ քայլի» պատգամավորներ Սոնա Ղազարյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած՝ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը, հեղինակների խոսքով, միտված է անչափահաս տուժողների եւ վկաների՝ հարցաքննության ընթացքում իրավունքների պաշտպանությանը, հարցաքննության պայմանների բարելավմանը: Օրինագծով սահմանված փոփոխությունները վերաբերում են անչափահասների հարցաքննության ընթացակարգերին: Առաջարկվում է հետեւյալը.
-Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը կարող է տեսաձայնագրառվել, իսկ որոշ դեպքերում դա պարտադիր է:
-Հարցաքննության տեսաձայնագրառման վերաբերյալ քննիչը լսում է հարցաքննության մասնակիցների կարծիքները՝ հաշվի առնելով երեխայի շահերը, եւ այդ կարծիքներն արտացոլվում են տեսաձայնագրառման արձանագրության մեջ:
-Անչափահասի հարցաքննության ժամանակ նրան կարող է հարցեր հղել հոգեբանը:
Կարդացեք նաև
-Անչափահաս վկան կամ տուժողը դատարանում հարցաքննվում է այն դեպքում, եթե նրա հարցաքննությունը չի տեսաձայնագրառվել նախաքննության ընթացքում, իսկ տեսաձայնագրառումը լսվում է դատական նիստերի դահլիճում: Եթե հավելյալ հարցեր են առաջանում, անչափահաս տուժողը կամ վկան հրավիրվում է դատական նիստերի դահլիճ:
-Դատարանում նրա հարցաքննությունն իր իսկ ցանկությամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ եւ հոգեբանի-սոցիալական աշխատողի-մանկավարժի ներկայությամբ:
-Դատարանն իրավունք է ունենում անչափահաս տուժողին կամ վկային թույլ տալու հեռանալ ապացույցների հետազոտման որոշակի փուլից, եթե այն բացասական ազդեցություն է ունենում անչափահասի վրա:
https://www.facebook.com/aravot.am/videos/498265810830032/
Օրինագծի հեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ներկայումս քննիչի մոտ հարցաքննության ժամանակ անչափահաս վկան պատմում է, եւ պատմածը սղագրվում է: Իսկ օրինագծով առաջարկվում է նրա խոսքը ձայնագրել՝ երեսուն րոպե անընդմեջ տեւողությամբ. «Սա նորամուծություն է»:
Օրինագծի մյուս հեղինակ Սոնա Ղազարյանն էլ շեշտեց՝ մանկատուն այցի ժամանակ դաստիարակները բարձրաձայնել են, որ անչափահասների համար հարցաքննությունը հավելյալ սթրես է, որի հետեւանքով իրենք վերապրում են կատարվածը:
«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն օրինագծում խնդիր տեսավ: Նշեց, որ ամենայն հարգանքով է մոտենում օրինագծի նպատակին, բայց դատարանում ձայնագրություն լսելով՝ հնարավոր չէ իրավիճակն ու փաստերն ամբողջությամբ պատկերացնել:
Օրինագծի հեղինակները պատրաստակամություն հայտնեցին գործընկերների հետ քննարկել նրանց բարձրաձայնած հարցերը եւ անհրաժեշտության դեպքում լրացնել օրինագիծը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ