Մի խումբ ավտոներկրողներ այսօր բողոքի ցույց էին անում պետական եկամուտների կոմիտեի շենքի առջեւ. պնդում էին, որ մեծ քանակի մեքենա չեն կարողանում հայտարարագրել:
Նրանց ներկայացմամբ՝ չեն հասցրել մաքսազերծել մեքենաները մինչեւ այս տարվա հունվարի 1-ը, ինչպես օրենքն է պահանջում, բայց ոչ իրենց պատճառով, այլ ՊԵԿ-ի:
Ցույցի մասնակիցներից մեկի պատմելով. «Մեքենաները մենք բերել հասցրել ենք մինչեւ դեկտեմբերի 31-ը: Մի մեքենայի մաքսազերծումը պետական աշխատողը 20 րոպեում արել է, էլի մեքենաներ ունենք, բայց բրոքերն ասում է՝ այնքան գործ ունեմ, որ չեմ կարող: Մի հոգի էր բրոքերը, էդ մի հոգին էլ չի հասցնում»:
Հիմա այս ավտոներկրողները ստիպված են բարձր գներով մաքսազերծել:
Կարդացեք նաև
Մինչդեռ, ինչպես ցուցարարներից մեկն ասաց, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի օգնականը դեկտեմբերին իրենց հետ հանդիպմանը վստահեցրել է՝ խնդիր չի լինի. «Ասել է՝ կարաք հայտարարեք, 30 օր է գործում հայտարարագիրը, հետո բերեք, աջ ղեկը եթե չեք հասցնի փոխեք, ընթացակարգը փոխեք՝ վերամշակում մաքսային տարածքում, որպեսզի 6 ամիս ժամկետն ունենանք: Հիմա ում հարցնում ենք, գործնականում ոչ ոք նման բան չի կարողանում անել»:
Շուշանիկ Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բոլոր ավտոներկրողները 2020 թվականի հունվարին կկարողանան մեքենաները մաքսազերծել դեկտեմբերի դրույքաչափով։
Հիշեցնենք, այս տարվա հունվարից 3-րդ երկրից, այսինքն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը փոխվում է։
Ցույցի մասնակիցներին այսօր ՊԵԿ-ում ընդունել են, խնդիրը քննարկել: Aravot.am-ի հարցին՝ թե ինչպե՞ս է որոշվելու ցուցարարների առաջադրած խնդիրը, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ առաջիկայում հայտարարություն կտարածեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ